երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է ԵՄ երկամյա նոր ծրագիրը՝ ուղղված ՆԳ նախարարության կարողությունների զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը

Մեկնարկել է ԵՄ երկամյա նոր ծրագիրը՝ ուղղված ՆԳ նախարարության կարողությունների զարգացմանը և բարեփոխումների իրականացմանը

Սեպտեմբերին տեղի է ունեցել ԵՄ «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իմպլեմենտացիոն փուլի բացման արարողությունը։
 
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում՝ ԵՄ և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ:
 
Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսից և նախատեսված է իրականացնել մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։ Ծրագրի բյուջեն 2,2 միլիոն եվրո է, որը ձևավորվել է Եվրոպական Միության և Լիտվայի Հանրապետության համատեղ ներդրման արդյունքում։
 
Մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը, Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության տնօրեն Լիդիա Կաշուբիենեն, ծրագրի թիմի անդամները՝ ղեկավար Թոմաս Բիկմանասի գլխավորությամբ, և փորձագետներ։
 
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքում նշել է, որ ՆԳՆ-ն բարձր է գնահատում ԵՄ շարունակական աջակցությունը ոստիկանության բարեփոխումներին՝ դրանց մեկնարկի պահից սկսած և շնորհակալություն հայտնել Լատվիայի և Լիտվայի Հանրապետությունների կառավարություններին, որոնք ԵՄ աջակցության այս ծրագրի շրջանակներում հայտ են ներկայացրել աջակցելու ՀՀ ՆԳՆ բարեփոխումներին։
 
Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ ԵՄ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում ՆԳՆ մանդատի ներքո գտնվող մի շարք ուղղություններով էական առաջընթաց է գրանցվել՝ մասնավորապես անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության, ոստիկանության և աղետների ռիսկի կառավարման ոլորտներին։ Նա ընդգծել է, որ պաշտոնապես մեկնարկվող ծրագիրը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումներն ամրապնդելու և նոր ուղղություններով արդյունքներ երաշխավորելու ՆԳՆ-ԵՄ երկկողմ պատրաստակամության վառ ցուցիչ է։
 
Սարգսյանն իր խոսքում նշել է նաև, որ ծրագրով, ըստ ՆԳՆ կարիքների գնահատման մատրիքսի, գործողություններ են նախատեսված չորս հիմնական ուղղություններով՝ ՆԳՆ անձնակազմի կարողությունների զարգացում, աղետների ռիսկի կառավարման ոլորտի, այդ թվում՝ փրկարար ծառայության ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ոստիկանության ոլորտի ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումներ, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության ոլորտի բարեփոխումներ և արդիականացում։
 
Ծրագրի աշխատանքային պլանի շրջանակներում հատուկ կարևորություն է տրվել այնպիսի գործողությունների նախատեսմանը, որոնք միտված են բարձրացնելու ՆԳՆ և ենթակա մարմինների կողմից մատուցվող հանրային ծառայությունների մատուցման որակը և ապահովելու հանրության հետ հաղորդակցման արդյունավետությունը։
Այդ նպատակով սահմանվելու են լիովին նոր՝ ծառայությունների մատուցման որակի և հանրային ընկալման և ազդեցության շարունակական գնահատման չափանիշներ։
 
Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ծրագրային թիմի համագործակցված աշխատանքը հնարավորություն կտա թիրախավորված բոլոր ուղղություններում հասնել սահմանված նպատակին։
 
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց ՀՀ-ում ՆԳՆ ձևավորմանը և ՆԳՆ համակարգման ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված ջանքերը։ Մարագոսը արձանագրեց բարեփոխումների մեկնարկային փուլում արդեն իսկ գրանցված դրական արդյունքները, մասնավորապես՝ անդրադարձ կատարեց հանրապետության մարզերում պարեկային ծառայության ներդրմանը, ծառայողների ակադեմիական կրթությանը, տեխնիկական համալրվածության մակարդակի բարձրացմանը։
 
Ըստ նրա` Եվրոպական միության աջակցության շրջանակներում իրականացվող այս ծրագրով նախատեսվող բարեփոխումները կնպաստեն առավել քաղաքացիակենտրոն ՆԳՆ-ի և ենթակա մարմինների ձևավորմանը, որոնք կկարողանան արդյունավետ արձագանքել ցանկացած հասարակական խնդրի։
 
Լիտվայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասն իր հերթին նշեց, որ ծրագիրը լավ առիթ է նաև երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու համար։
Բացման խոսքով հանդես եկան նաև Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան, Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության տնօրեն Լիդիա Կաշուբիենեն, ովքեր, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության համար, խոսեցին բարեփոխումների կարևորության մասին և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու իրենց աջակցությունը։
 
Ծրագրի թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասը խոսեց սեպտեմբերի 18-ին կայացած համակարգող հանձնաժողովի առաջին նիստի մասին, որի ընթացքում քննարկվել էին 2-ամյա ծրագրի մանրամասները, մասնավորապես՝ ներկայացվել էին գլխավոր նպատակները, առաջնահերթությունները, աշխատանքային պլանով նախատեսված բոլոր գործողությունները։
 
Նշենք նաև, որ հանդիպմանն ընդառաջ ծրագրի համակարգող հանձնաժողովը հաստատել է ծրագրի աշխատանքային պլանը։

  • Կիսվել: