Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։
Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում։
Հիշեցնենք, որ բարեկարգման առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, Հավերժության տաճարի մույթերը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում, փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ, հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է հուշահամալիրի կանաչ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։



