հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Մեղքի զգացում են ունենում մյուս ընկերների նկատմամբ»․ Հերոսների վերականգնողական քաղաքում զինծառայողները տեսնում, ընդունում և հաղթահարում են հոգեբանական տրավմաները

«Մեղքի զգացում են ունենում մյուս ընկերների նկատմամբ»․ Հերոսների վերականգնողական քաղաքում զինծառայողները տեսնում, ընդունում և հաղթահարում են հոգեբանական տրավմաները

ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում ամեն օր 5 զինծառայող բացում է կլինիկական հոգեբան Մարիամ Գրիգորյանի սենյակի դուռը։ Ու յուրաքանչյուրի հետ շուրջ մեկ ժամ տևող հոգեբանական սեանս, որի ընթացքում պետք է լուծել, ինչպես Մարիամն է ասում, այցելուների «փնջային» խնդիրները։

«Տրավմաների հետ աշխատելու հատուկ մեթոդներ կան․ կոգնիտիվ, վարքային,էքզիստենցիալ,նեյրոլինգվիստիկ ծրագրավորման որոշակի տեխնիկաներ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում հոգեբանական տրավմաներ ունեցող զինծառայողների հետ աշխատանքն է ներկայացնում Մարիամ Գրիգորյանը։

Իսկ եթե ավելի պարզ, Մարիամն ու գործընկերները օգնում են հաղթահարել զինծառայողներին ռազմական գործողությունների արդյունքում ստացած հոգեբանական տրավմաները։ Կենտրոնանում են այցելուի մտքերի հոսքի, դրանք ձևափոխելու և կառավարելու վրա։ Այլ կերպ ասած՝ մոտենում են զինծառայողների վախերին։

Մարիամի խոսքով, զինծառայողների հետ աշխատանքում կարևոր է հենց սկզբից վստահություն ձեռք բերելը․ «Հարաբերություններն առանց վստահության հնարավոր չէ ստեղծել։ Եղել են դեպքեր, երբ սկզբում իրենց կամքով չեն եկել, հետո հասկացել են, որ սա օգնում է ու պետք է»։

Հոգեբանական տրավմաներ ստացած զինծառայողներից շատերը իրենք են ցանկանում զրուցել հոգեբանի հետ․ «Տրավմաների հետևանքով  իրենք ունենում են տանջալից զգացողություններ։ Ցանկանում են մեկը լինի, ում կկարողանան վստահել, բացվել, տրավմաներից ազատվելու համար»։

Հոգեբանական տրավմաները, Մարիամ Գրիգորյանի հավաստմամբ,  մաշեցնող զգացողություններ են,  որոնց հետ հաշտվել հնարավոր չէ։

Իսկ զինծառայողների հոգեկան աշխարհը անհաշտ է հիշողությունների ու վախերի հետ։ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոն այցելող զինծառայողներն այստեղ են գալիս հաղթահարելու այս վախերն ու հիշողությունները։ Իսկ դրանք հոտ, համ ու ձայն ունեն, որոնք նրանց պարբերաբար վերադարձնում են պատերազմ ու մարտի դաշտ․ «Մեղքի զգացում են ունենում մյուս ընկերների նկատմամբ, օրինակ, որ իրենք ողջ են մնացել կամ չեն կարողացել ինչ-որ բան անել, կորստի ու ցավի մեծ զգացում ունեն»,-պատմում է Մարիամ Գրիգորյանը։

  

Թե Մարիամը որքան կաշխատի յուրաքանչյուրի հետ և որքան կտևի  խնդիրների հաղթահարման ընթացքը՝  խիստ անհատական է․ « Պայմանավորված է անձի տեսակով, ճիշտ հարաբերություններ ստեղծելով և թե որքանով է այցելուն պատրատ հաղթահարել հգեկան տրավմաները»։

Դրական տեղաշարժերի օրինակներ արդեն արձանագրվել են․«Եթե այցելուն  փոփոխություն չզգա, այլևս չի գա։ Իրենք սովորաբար շատ նյարդային ու անհամբեր են լինում։ Եթե չկարողանաս օգնել, իրենք ուղղակի չեն գա»,- շեշտում է Մարիամը։ Ամեն անգամ, երբ զինծառայողներից ևս մեկի մոտ մի  հոգեբանական խնդիր զիջում է  դիրքերը, հոգեբանը հասկանում է, որ պետք է էլ ավելի մոտիվացած և եռանդով աշխատի։

Այս նույն ոգևորությամբ են աշխատում նաև կենտրոնի մյուս 4 հոգեբանները, որոնք թեև դեռ աշխատում են մոտ 50 զինծառայողի հետ, բայց կենտրոնը պլանավորում է ամեն ամիս ընդունել 150 այցելուի։ Կենտրոնի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանն ասում է․ «Այս թվի մեջ միայն զինծառայողները չեն, այլ նրանց ծնողները,  ընտանիքի անդամները »։  

Եվ որպեսզի սպասվող 150 այցելուներին ցուցաբերվող հոգեբանական օգնությունը լինի տեղին և արդյունավետ, կենտրոնում հոգեբանների թիվը կավելանա  ևս 4-ով։  Իսկ արդեն ստացիոնար բուժման հնարավորության դեպքում կենտրոնը կունենա 10 հոգեբան։

Կենտրոնում այցելուները բուժվում են դեռ միայն ամբուլատոր պայմաններում․ «Գալիս են,  ժամերը պայմանավորվում են հոգեբան հետ, հոգեբանները ընդունում են  և իրենք գնում են »,- ներկայացնում է Լիանա Թերզյանը։

Գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանը

Կենտրոնը շուտով կունենա մասնաշենք, որտեղ այցելուները կստանան նաև ստացիոնար բուժում․ « Երբեմն լինում է, որ զինծառայողի մոտ ծանր վիճակ է։ Ունենք նաև հոգեբույժ, որը դեղորայքաին բուժում է նշանակում։ Մարզերից, Արցախից եկող տղաներին ցանկալի է,որ ստացիոնար բուժում ստանան »։

Երևանից, մարզերից, Արցախից «Հերոսների վերականգնողական քաղաք» են այցելում նաև հերոս Քյարամ Սլոյանի անվան 3D վախերի կառավարման բաժնում՝  վախերի հաղթահարման սենյակում «հայտնվելու» համար․ «Բավականին հետաքրքրվածություն  կա տղաների մոտ։ Գալիս են, ասում են, իսկ կլինի՞ մենք  տեսնենք դա ինչ է, կլինի՞ իմ վախը մոդելավորեք»,-ասում է հոգեբանը։

Վախերի հաղթահարման սենյակը տարածաշրջանում նմանը չունեցող վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով աշխատող կենտրոն է․ «Մեր աշխատանքային  մոդելը վերցրել ենք «Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայից։ Սա ամբողջ աշխարհով հայտնի է և բոլոր առաջատար երկրները, որոնք աշխատում են զինվորականների տրավմաների հետ, աշխատում են այս մոդելով»։

Վախերի հաղթահարման սենյակի տեխնոլոգիաները ձեռք են բերվել ԱՄՆ-ից և Իսպանիայից․ «Կազմակերպություններ կան, որոնցից գնել ենք սարքերը։ Այս պահին սարքերով միայն ես եմ զբաղվում, դեռ միայն ես եմ լիցենզավորված»,- ասում է Լիանա Թերզյանը։

Ամեն օր վախերի հաղթահարման  սենյակում Լիանան «դիտում է» հոգեբանական տրավմաներ ստացած զինծառայողների վախերը․ «Վախերի հաղթահարման սենյակում տարբեր տեխնոլոգիաներով, հիմնականում սարքավորումների միջոցով, փորձում ենք մոդելավորել զինծառայողների վախերը»։  

Իսկ վախերը տեսանելի դարձնելու համար կենտրոնում  օգտագործում են վիրտուալ իրականության սարքեր,  հատուկ  ծրագրեր, 3D և 7D  ակնոցներ։ Սրանց միջոցով  այցելուն մտնում է խնդրի ու վախի դաշտ, ստեղծվում են  հատուկ միջավայրեր՝ կախված նրանից, թե ի՞նչ խնդիր ունի։

Այսպես տղաների աչքի առաջ կարող է  հայտնվել Ջրականի բնությունը, Հադրութը, Մարտունին,այն վայրերը, որտեղ տղաները վախեր են ձեռք բերել, կամ այդ նույն վախերի հետ կապված իրավիճակներ։ Երբ իրենք «հանդիպում են» վախին, իրենց մոտ լարվածության ցուցանիշը բարձրանում է, նկատվում են  մկանային կծկումները, գլխուղեղի ռիթմերի փոփոխություն»։ Հետո մասնագետները կրկնում են վախի պատկերները և այցելուների սթրեսակայունությունը սկսում է ակտիվանալ ։ Մասնագետների օգնությամբ վախերի հաղթահարման սենյակում տրավմաներ ստացած զինծառայողները դեմ հանդիպման են իրենց վախերին, սկսում են ճանաչել դրանք, հետո սկսվում են լարվածության հաղթահարման վարժությունները․ «Ստեղծում ենք որոշակի ռելաքսացիոն վիճակ են և ապահով իրավիճակ վախի հետ»,- բացատրում է հոգեբանը։

Թե վախերի հաղթահարման սենյակ զինծառայողը քանի անգամ կմտնի և ինչքան ժամանակում կհաղթահարի վախը կախված է բազմաթիվ հանգամանքներից․«Շատ անհատական է։ Լինում է դեպք, որ վախերը հաղթահարվում են առաջին պրոցեդուրայից։ Լինում են դեպքեր, երբ մի քանի պրոցեդուրա է պետք։ Կախված է խնդիրների քանակից և խորությունից, հաղթահարման մեխանիզմներից»,- ասում է Լիանա Թերզյանը։

«Ես փորձում եմ ինքնուրույն հաղթահարել», «Ես ինչ-որ խնդիր արդեն  ինքնուրույն փակել եմ», սկզբում լսում են կենտրոնի հոգեբաններն իրենց այցելուներից։ Հետո բացատրում են, որ նորմալ է հուսահատության զգացումը, նորմալ է տխրության և մեղքի զգացումը։ Եվ այսպես քայլ առ քայլ օգնում են ընդունել սեփական եսը, հաշտ լինել ներքին խնդիրների հետ և հաղթահարել հոգեբանական վախերը՝  պատերազմական ձայները, հիշողությունները, հոտերը, համերն ու տեսարանները։   

  • Կիսվել: