շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայրաքաղաքի ամանորյա լուսավորության ապահովման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին

Մայրաքաղաքի ամանորյա լուսավորության ապահովման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին

Այս տարի ևս մայրաքաղաքի ամանորյա լուսավորության ապահովման աշխատանքները Երևանի քաղաքապետարանը վստահել է «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ հաշվի առնելով այն փորձը, որ արդեն իսկ ունի այդ ընկերությունը։ Այս մասին հայտնում է «Սինեմարտ» ընկերությունը։

Ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով կատարվելիք աշխատանքների հսկայական ծավալը, մենք գիտակցում ենք, որ որոշ դեպքերում ստիպված ենք լինելու երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել որոշակի խոչընդոտներ, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը։ Սակայն, հաշվի առնելով անցած տարվա փորձը, այս անգամ որոշում է կայացվել հնարավորինս զերծ մնալ ցերեկային ժամերին մայրաքաղաքի փողոցները փակելու գործելաոճից և տոնական լուսավորության անցկացման աշխատանքներն իրականացնել գիշերային ժամերին՝ այդպիսով խուսափելով մայրաքաղաքի կենտրոնում հավելյալ անհարմարություններ ստեղծելուց։

Միաժամանակ, նաև հայտնում ենք, որ հաշվի է առնվել մայրաքաղաքի պատմա-ճարտարապետական ժառանգության հետ կապված արդարացի մտահոգությունը և այն փարատելու համար, մասնավորապես՝ Հանրապետության Հրապարակի շինությունները չվնասելու նպատակով մշակվում են երկաթյա կարկասների կոնստրուկցիաներ, որոնց կիրառումը թե՛ այս տարի, թե՛ հաջորդող բոլոր տարիների ընթացքում հնարավորություն կտա նվազագույնի հասցնել, իսկ հետագայում նաև բացառել շենքերի վրա անցք փորելու հավանականությունը։

Ընդգծենք, որ աշխատանքների իրականացումն արդեն իսկ համաձայնեցվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ճարտարապետական հանրույթի ներկայացուցիչների հետ։

Սրանից զատ տեղեկացնենք, որ, նախորդ Ամանորի տոնական լուսավորության մոնտաժման ընթացքում առաջացած անցքերի լցոնման պարտավորությունը «Սինեմարտ» ընկերությունը կատարել է ամբողջ ծավալով։ Այդ նպատակով օգտագործվել է համապատասխան երանգի տուֆի փոշու և Նյութաբանության ինստիտուտի լաբորատորիաներում փորձաքննություն անցած հատուկ լուծույթի անջրանցիկ խառնուրդ, որի կիրառումը վերականգնել է քարերի ամբողջական տեսքը»։

  • Կիսվել: