շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մայր աթոռն արձագանքել է Նաթան Սրբազանի մասնակցությամբ հեռախոսազրույցի ձայնագրությանը

Մայր աթոռն արձագանքել է Նաթան Սրբազանի մասնակցությամբ հեռախոսազրույցի ձայնագրությանը

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների Մայր Աթոռը տարածել է պարզաբանում իշխանական կայքերում տարածված Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրությունների վերաբերյալ։

«Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։

Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,-ասված է պարզաբանման մեջ։

Նշենք, որ իշխանական ԶԼՄ-ները տարածում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Աղան աբեղա Երնջակյանը նշում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսն իրեն ասել է վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Նիկոլի դեմ միտինգների։ Դրա պատճառով նա դիմում է ներկայացրել հոգևոր  ծառայությունից ազատվելու մասին։

Հիշեցնենք, որ Մայր աթոռը 2023-ի դեկտեմբերի 4-ին հայտնել էր. «Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով»։

  • Կիսվել: