երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարեւորելու թանգարանների դերը. Արայիկ Հարությունյան

Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարեւորելու թանգարանների դերը. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ:

«Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով: Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն 4 տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից եւ ջատագով:

Թանգարանները մեր մշակույթի, կրթության եւ զարգացման կարեւորագույն կենտրոններն են, որտեղ պահվում եւ ներկայացվում են մեր պատմական հիշողությունը, կարեւոր իրադարձությունների, փաստերի, եւ, ընդհանրապես, մեր ազգային ինքնության վկայությունները: Մայիսի 18-ը պատեհ առիթ է կարեւորելու թանգարանների դերը՝ որպես նոր գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ ներշնչվելու, ստեղծագործելու եւ երեւակայական հղացումները կյանքի կոչելու օջախներ:

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը պետք է նշենք անսովոր պայմաններում: «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն եւ ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները կներկայացնեն առցանց հարթակում, իսկ Օրվան նախորդող շաբաթ երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին:

Մայիսի 18-ը ընդունված է համարել նաեւ թանգարանային ոլորտում աշխատողների մասնագիտական տոն: Ուստի, առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, ովքեր իրենց նվիրյալ, բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքով կապված են թանգարանային մշակույթի պահպանության, զարգացման եւ հանրահռչակման գործին: Մաղթում եմ ձեզ ստեղծագործական բեղուն գործունեություն, բուռն խանդավառություն եւ հարյուր հազարավոր այցելուներ»,- ասված է նախարարի հղած ուղերձում։

  • Կիսվել: