կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

Մատենադարանն արժեքավոր ձեռագրերով համալրելու համար պարգևատրվել է Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մատենադարանի ձեռագիր ու արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար Տեր Ներսես ավագ քահանա (Վրեժ) Ներսիսյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը Մատենադարանին նվիրաբերել է բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնք ձեռք է բերել աշխարհի տարբեր երկրներից, տարբեր աճուրդներից և հավաքորդներից: Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Նա երկար տարիներ (1975-2012 թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանի խոսքով՝ Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի. 1985 թ.-ից առ այսօր շուրջ 60 ձեռագիր մատյաններ և պատառիկներ է նվիրաբերվել Մատենադարանին: Դրանք վերաբերում են ոչ միայն հայկական մշակույթին ու գիտությանը, այլև ներառում են օտարալեզու ձեռագրեր, որոնք մասնագիտական լուրջ հետաքրքրություն են ներկայացնում:

Տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար. «Ինչ-որ արել եմ, արել եմ լռության մեջ, իմ ողջ կյանքում չեմ փնտրել ուրիշ գործ: Կարծես թե ի ծնե սա պետք է լիներ իմ պարտականությունը. այս մտայնությամբ եմ մոտեցել գործիս: Շատ կարևոր է արտերկրում ունենալ հայկական հարուստ մշակույթը ներկայացնելու նման հնարավորություն»:

 

  • Կիսվել: