կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Մատենադարանի հետ համագործակցության կարևոր հանգրվան․ Զմմառի Մայրավանքում բացվել են նոր ձեռագրատունը և դիվանը

Մատենադարանի հետ համագործակցության կարևոր հանգրվան․ Զմմառի Մայրավանքում բացվել են նոր ձեռագրատունը և դիվանը

Զմմառի Մայրավանքում հանդիսավորությամբ բացվել են նորակառույց ձեռագրատունը և դիվանը։ Այս նշանակալի իրադարձությունը կարևոր հանգրվան է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի Մայրավանքի միջև ձևավորված գիտական ու մշակութային համագործակցության զարգացման ճանապարհին։

Բացման հանդիսությունը տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի նախագահությամբ։ Միջոցառմանը մասնակցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, հաստատության աշխատակիցներ, հոգևոր, պետական ու մշակութային գործիչներ։

Նոր ձեռագրատան և դիվանի ստեղծման աշխատանքներում կարևոր դեր է ունեցել Մատենադարանի մասնագիտական աջակցությունը։ Հաստատության վերականգնող մասնագետների խորհրդատվությունն ու փորձառությունը նպաստել են ձեռագրական ժառանգության պահպանության համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը։

Հանդիսության ընթացքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է, որ վերջին երեք տարիներին երկու հաստատությունների միջև ձևավորված փոխվստահության և մասնագիտական համագործակցության արդյունքները պատմական նշանակություն ունեն։ Նա վերահաստատել է Մատենադարանի հանձնառությունը՝ իր գիտական ներուժն ու մասնագիտական փորձառությունը ծառայեցնելու Սփյուռքի հոգևոր և մշակութային կենտրոններում պահպանվող ձեռագրական ժառանգության ուսումնասիրմանը, վերականգնմանն ու պահպանությանը։

Նոր ձեռագրատան բացումը ոչ միայն Զմմառի դարավոր հավաքածուի պահպանության կարևոր ձեռքբերում է, այլև Մատենադարանի՝ որպես համահայկական ձեռագրական ժառանգության ուսումնասիրման և պահպանության առաջատար գիտական կենտրոնի առաքելության ևս մեկ նշանակալի դրսևորում։

  • Կիսվել: