երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մասրենին»՝ Ծափաթաղ գյուղի ապրելու սիմվոլ

«Մասրենին»՝ Ծափաթաղ գյուղի ապրելու սիմվոլ

 Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղը թերևս Շորժայի հատվածի ամենաաշխույժ գյուղերից է։ Այստեղ համեմատած այլ գյուղերի կյանքի աշխուժությունը ապահովում է սփյուռքահայ բարերար Թուֆենկյանի կառուցած համանուն հյուրատունը։

Ինչպես մեզ հետ զրույցում հավաստեցին գյուղացիները, ափամերձ այդ հատվածի այլ գյուղերում սոցիալական վիճակը էլ ավելի բարդ է, բնակչության արտագաղթի մակարդակն էլ ավելի բարձր։ «Էստեղ գոնե հյուրանոցի կառուցումից հետո աշխատատեղեր բացվեցին, երիտասարդները մնացին գյուղում աշխատելու, գյուղացիներն էլ հնարավորություն ունեն իրենց բերքի ու բարիքի մի մասը հյուրանոցի կարիքների համար իրացնել։ Տուրիստներ են գալիս, էլի առևտուր, մի քիչ աշխուժություն լինում է։ Այլ գյուղերում վիճակը էլ ավելի օրհասական է»,- մեզ հետ զրույցում այս և մերձակա այլ գյուղերի առօրյայից պատմեց Ծափաթաղի բնակչուհի՝ Ամալյա տատը։

«Թուֆենկյան» համալիրի գործունեությունը շղթայական րեակցիայով խթանում է գյուղում այլ բիզնես գործունեություններ ևս։ Օրինակ տուրիստների առկայությունը միտք տվեց Ծափաթաղցի 30-ամյա Մագդային, ով չորս երեխաների մայր է, նոր բիզնես սկսել։

Մագդան դեռ սովետական շրջանից մնացած գյուղական խանութի լքված շենքում որոշեց թեյարան բացել։ «Դե գաղափարը ծնվեց նրանից, որ գյուղ եկող տուրիստները բազմազանություն կցանկանան, բացի հյուրանոցի ռեստորանից, կուզենան երեկոն էլ մեկ այլ գյուղական վայրում անց կացնել, բացի այդ գյուղը գտնվում է դեպի Քարվաճառ տանող ճանապարհին և մենք մտածում էին, որ Արցախ գնացող ուղևորներն էլ կանգ կառնեն՝ թեյ, սուրճ խմելու, այն էլ պատերազմից հետո, ցավոք․․․Հիմա աշխատում ենք գյուղ եկած տուրիստների, հովեկների համար»,- InfoPort.am- ի հետ զրույցում պատմեց Մագդան։

Նա նշեց, որ գաղափարի իրագործման ժամանակ իրեն օգնել են ընտանիքի անդամները։ «Բացի այդ ես մասնակցեցի ՄԱԿ-ի «Կանանց տնտեսական աջակցման ծրագրին», որի արդյունքում փոքր դրամաշնորհ ստացա։ Այդ գումարով մենք գնեցինք թեյարանի տեխնիկան։ Սակայն, անշուշտ մենք ինքներս էլ մեր ուժերի ներածի չափով վերանորոգման համար գումար ներդրեցինք, մինչ այսօր էլ մեր հնարավուրությունների սահմանում ամեն տարի մի բան ավելացնում ենք, մի բան նորոգում»,- պատմում է Մագդան։

«Մասրենին»՝ այդպես է կոչվում Մագդայի գողտրիկ թեյարանը՝ էթնովոճով է վերանորոգված և կահավորված և գյուղին հատուկ պարզ, բայց ձգող, հանգստացնող ընտանեկան մթնոլորտ ունի։

«Երբ ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում գնում էի դասընթացների, մեր թրեյները ասաց՝ սկսեք նրանից, ինչ ունեք ձեռքի տակ։ Այդպես էլ վարվեցինք՝ թեյարանը կահավորեցինք սկեսուրիս օժիտով, նրա սկեսուրից, այսինքն ամուսնուս տատիկից հարսին նվեր հասած իրերով, մի մասը գնեցինք գյուղացիներից, մի մասն էլ նրանք նվեր տվեցին։ Եվ պետք է ասեմ, որ գաղափարը լավն էր, այս ոճը ավելի է դուր գալիս և ձգում զբոսաշրջիկներին»,- նկատեց Մագդան։ Երեկոյան էլ այստեղ հնչում է հաճելի դաշնամուրային երաժշտություն՝ պարզվեց, կատարողն էլ Մագդայի մանկահասակ դուստրն է։

Թեյարանի համար անուշաբույր խոտեր, համեղ մուրաբաներ, թխուկներ իրենք են պատրաստում։ Բայցև գյուղի կանանց են աշխատանքով ապահովում․ «Իրենցից էլ ենք թխուկներ ու քաղցրավենիք վերցնում մեր ճաշացանկի համար»,- նկատում է Մագդան։

Նա ասում է, որ իր փոքրիկ բիզնեսը դեռ սաղմնային փուլում է, ճիշտ է սեզոնային է, դեռ շատ պետք է աշխատեն, որ ներդրած գումարը ետ բերեն, բայց չեն վհատվում, շատ վճռական են՝ սկսած գործը շարունակելու և զարգացնելու հարցում։

  • Կիսվել: