կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Մասնակցելով ընտրություններին՝ երեւանցիները հնարավորություն ունեն ձեւավորելու նոր՝ լեգիտիմ իշխանություն․ «Մայր Հայաստանը» քարոզարշավի երկրորդ օրը եղավ Արաբկիրում

Մասնակցելով ընտրություններին՝ երեւանցիները հնարավորություն ունեն ձեւավորելու նոր՝ լեգիտիմ իշխանություն․ «Մայր Հայաստանը» քարոզարշավի երկրորդ օրը եղավ Արաբկիրում

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավի երկրորդ օրը սկսեց Արաբկիր վարչական շրջանից։

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը շրջել է փողոցներում եւ կոչ արել երեւանցիներին անպայման մասնակցել ընտրություններին։

«Անպայման մասնակցեք ընտրություններին, որովհետեւ դա թույլ է տալու այս իրավիճակը փոխել, Հայաստանի իրավիճակը կարգավորել, իշխանափոխություն կատարել։ Մենք Երեւանի հետ էլ ունենք բազմաթիվ ծրագրեր, բայց պետք է համապետական կերպով իրավիճակը փոխել»,- ասաց Թեւանյանը քաղաքացիների հետ զրույցում։

Արաբկիրցիներից մեկը Թեւանյանին ասաց, որ ծագումով Սյունիքից է եւ շատ մտահոգ է Գորիսի համար, որը բոլոր կողմերից շրջապատված է ադրբեջանցիներով։

«Մենք հենց այդ խնդիրները լուծելու համար ենք ուզում մասնակցել սեպտեմբերի 17-ի ընտրություններին։ Եվ շատ կարեւոր է ձեր մասնակցությունը, որ երկրում իրականացնենք այնպիսի փոփոխություն, որ այդ անվտանգային հարցերը լուծվեն։ Դրա համար ձեր մասնակցությունն ավագանու ընտրություններին շատ կարեւոր է»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։

Վարչական այդ շրջանում «Մայր Հայաստանի» թիմը շրջում էր Անդրանիկ Թեւանյանի հեղինակած երգի ուղեկցությամբ, որը կոչ է անում․ «Հայեր, հայեր, ոտքի»։

«Նիկոլ Փաշինյանը, դրժելով խոստումը, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը Հայաստանի անկախության հռչակագրին է հակասում, հակասում է մեր Սահմանադրությանը եւ ամբողջ օրենսդրությանը, հակասում է մեր պետության ձեւավորման սկզբունքներին։ Մասնակցելով ընտրություններին՝ երեւանցիները հնարավորություն ունեն ձեւավորելու նոր՝ լեգիտիմ իշխանություն։ Մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»։ Մենք ձեր քվեի ակնկալիքն ունենք, ակնկալում ենք մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունը եւ հստակ դիրքորոշումը երկրում ստեղծված իրավիճակի մասին»,- հայտարարեց Թեւանյանը։

  • Կիսվել: