հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մասիսում վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է

Մասիսում վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Սերոբ Սաֆարյանը, ով մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ հետաքննիչ Ս. Սաֆարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: 

  • Կիսվել: