Մարզերում կան ճանապարհներ, որ երբեմն ուղղաթիռով է պետք այնտեղ հասնել. Պապիկյան
Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման համար վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ Հայաստանը պատրաստվում է 13 մլն 400 հազար եվրո վարկ վերցնել՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման համար։
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ թվով 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ կան գյուղեր, մասնավորապես, Սյունիքում, որտեղ, տրակտորով էլ հնարավոր չէ գնալ։
Նախարարն ասաց, որ ՀՀ բոլոր մարզերում բազմաթիվ են նման ճանապարհները, որտեղ անգամ բարձր մեքենայով է դժվար գնալը, երբեմն ուղղաթիռով է պետք այնտեղ հասնել. «Մեր կապիտալ ծախսերի մեծ մասնաբաժինն ուղղված է հենց ճանապարհաշինությանը։ Մենք այս տարի պատրաստվում ենք իրականացնել շուրջ 500 կմ ճանապարհի շինարարություն, իհարկե առաջնայինը մայր երակների վրա պետք է ծախսվի և երկրորդական հատվածներն ավելի շատ 2021-2022 թվականներին կիրականցվեն»,- ասաց նախարարը։
Նաիրա Զոհրաբյանը նաև հետաքրքրվեց, թե խորհրդատվության համար գումարը որքան է կազմելու. «Նախկինում ունեցել ենք նախադեպեր, երբ իքս գումար էր նախատեսվում չակերտավոր խորհրդատվության համար, հետո սկսում էին լոլո կարդալ գյուղացիների գլիխին «ինչպես ցանել կարտոֆիլը» թեմայով։ Եւ այդ գումարները հասկանալի էին, թե ինչ էին լինում, օրինակ, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով նախատեսված 16 մլն-ն ուր գնաց, ինչ եղավ։ Ովքեր են այդ խորհրդատվությունն իրականացնելու»։
Սուրեն Պապիկյանը պատասխանեց. «Վարկի առաջին փուլում հսկայական գումարներ մոտավորապես 41 կմ-ի համար խնայվել է և այդ խնայողությունը ներառվել է ճանապարհաշինության վրա, այսինքն՝ նախատեսված 170 կմ-ի փոխարեն կառուցվել է 211 կմ։ Ամեն ինչ անում ենք, որ խորհրդատվական մասնաբաժինը մեծամասամբ ուղղվի կապիտալի ուղղությամբ, իհարկե գործընկերների համաձայնությունն այստեղ կարևոր է»։
Նշենք, որ ԱԺ-ն վավերացրեց ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը։



