հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մարզային բուժհաստատություններում առաջիկայում կներդրվեն էլեկտրոնային ընդունարաններ

Մարզային բուժհաստատություններում առաջիկայում կներդրվեն էլեկտրոնային ընդունարաններ

Մարզային բուժհաստատություններում առաջիկայում էլեկտրոնային ընդունարաններ են ներդրվելու, ինչը հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին ևս օգտվել էլեկտրոնային առողջապահության գործիքներից:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության մասնագետները օրերս ուսուցումներ էին իրականացնում մարզային խոշոր՝ «Գյումրու բժշկական կենտրոն» և «Վանաձորի բժշկական կենտրոն» հիվանդանոցներում, աշխատակիցներին ծանոթացնում էլեկտրոնային ընդունարանների գործիքների կիրառմանը:

Էլեկտրոնային ընդունարանների հիմնական գործառույթը պացիենտների այցերը էլեկտրոնային եղանակով գրանցելն է. դրա հիման վրա ձևավորվում են նաև բուժհաստատությունների էլեկտրոնային մատյանները:

«Առաջին փուլում իրականացվեց ընդունարանների աշխատակիցների ուսուցում, որի արդյունքում մոտ ժամանակներում նրանք հնարավորություն կունենան էլեկտրոնային եղանակով գրանցել այցերը: Հետագայում ակնկալում ենք էլեկտրոնային առողջապահության գործիքների ընդլայնում, ինչն ապագայում անհամեմատ հեշտացնելու է մարզային բուժհաստատությունների աշխատանքը և ավելի արդյունավետ է դարձնելու գործընթացների կառավարումը»,- ասում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության Բժշկական գործընթացների կառավարման բաժնի ներկայացուցիչ Արամ Ղուլիջանյանը:

 

  • Կիսվել: