Մարությանը ներկայացրել է իր եկամուտների, դրամական միջոցների, գույքի և շահերի 2019 թ. տարեկան հայտարարագիրը
Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացրել են իրենց եկամուտների, դրամական միջոցների, գույքի և շահերի 2019 թվականի տարեկան հայտարարագրերը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում առկա տվյալների համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ունի 6 ավտոկայանատեղի: Ավտոկայանատեղիներից 4-ը Մարությանը ձեռք է բերել 2006, 2009, 2012 և 2015 թվականներին՝ Չեխիայում: Ավտոկայանատեղիներից 2-ն էլ, համապատասխանաբար ձեռքբերված 2009թ. և 2014թ., գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում:
Հայկ Մարությանը Չեխիայում ունի 2 հողամաս՝ ձեռք բերված, համապատասխանաբար, 2017 և 2018 թվականներին:
Բացի այդ, Մարությանը հայտարարագրել է 13 այլ անշարժ գույք: Մասնավորապես Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում Մարությանը 2008թ. և 2014թ. ձեռք է բերել բնակարան: 5 բնակարան էլ, համապատասխանաբար 2006, 2009, 2012, 2015 և 2018 թվականներին Մարությանը ձեռք բերել Չեխիայում: Մարությանը Չեխիայում 2017թ. ձեռք է բերել նաև անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:
2006, 2009, 2012, 2015 և 2018 թվականներին քաղաքապետ Մարությանը Չեխիայում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքում ձեռք է բերել այլ անշարժ գույք:
2011 թվականին գնված NISSAN մակնիշի ավտոմեքենան Մարությանը 2019թ.-ին վաճառել է` ստանալով 1,000,000 դրամ:
Բաժնային արժեթղթերը և այլ ներդրումները երեք ընկերություններում կազմել են 5,000; 7,500 և 25,000 դրամ:
Մարությանի բանկային հաշիվների մնացորդները՝ բացառությամբ ավանդների, տարեսկզբին կազմել են 3,085 ԱՄՆ դոլար, 4,274,000 դրամ, 860,000 չեխական կրոնա և 312 եվրո, տարեվերջին՝ 5,867 դոլար, 18,165,000 դրամ, 1,501,975 չեխական կրոնա, 312 եվրո: Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 5,226,000 դրամ, 186,915 դոլար, 9,688 եվրո և 74,000 չեխական կրոնա, տարեվերջին՝ 4,000,000 դրամ, 180,000 դոլար, 9,500 եվրո, 74,000 չեխական կրոնա:
Որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարում` Մարությանը ստացել է 4,867,143 դրամ:
Հայկ Մարությանը, որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում, ստացել է 10,800,000 դրամ, 176,000 չեխական կրոնա, 258,000 չեխական կրոնա, 183,600 չեխական կրոնա, 180,000 չեխական կրոնա, 480,000 չեխական կրոնա, 218,400 չեխական կրոնա:
Հեղինակային իրավունքներից ստացած գումարը կազմել է 15,503,000 դրամ:
Մարությանի մասնակցությունը առևտրային կազմակերպություններում՝ փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր, մասնավորապես` «Հայկո ընդ Մկո կարգին» ՍՊԸ-ում կազմում է 50 տոկոս, «Կարգին Ստուդիայում»՝ 15 տոկոս, «Կարգին Թի ՎԻ»-ում՝ 100 տոկոս:



