երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է Փաշինյանին

Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է Փաշինյանին

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

Մարուքյանը գրել է. ՛՛Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում՛՛։

Նշենք, որ «Հայինկասացիան» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի մեկի որոշմամբ լուծարվել է:  Ներկայումս «Հայինկասացիան» ՓԲԸ-ի գործառույթները իրականացնում է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Արարատինկասացիան»:

Ավելի վաղ InfoPort.am-ը անդրադարձել էր այս խնդրին` դիմելով Կենտրոնական բանկ պարզաբանման համար: ԿԲ-ից գործակալությանը փոխանցել էին, որ լուծարման գործընթացը տեղի է ունեցել «Հայինկասացիա» ՓԲԸ միակ բաժնետիրոջ որոշմամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Ներկայում, ձևավորված է լուծարային հանձնաժողով, որին անցել են ընկերության գործերի կառավարման լիազորությունները և որի կողմից միջոցներ են ձեռնարկվում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ»,- նշված էր ԿԲ հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է ընկերության լուծարման պատճառներին, ապա ԿԲ-ից փոխանցեցին, որ ներկայում, ինկասացիոն ծառայությունների շուկան կայացած է, համապատասխան ընկերությունների քանակը զգալիորեն ավելացել է, ինչով էլ դրամաշրջանառության կազմակերպման խնդիրն, ըստ էության, ապահովված է: «Ուստի, նկարագրված հանգամանքների ուժով ՀՀ կենտրոնական բանկի հետագա ներգրավվածությունը նշված ոլորտում դիտվել է աննպատակահարմար: Վերջում հավելենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրվել է իր առանցքային գործառույթների հետ չկապված ձեռնարկատիրական գործունեության ոլորտներում` դուստր ընկերություններում ներգրավվածությունը հետևողականորեն դադարեցնելու, նվազեցնելու քաղաքականություն, որպիսի դիրքորոշումը ձևավորվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների ընթացքում»,- նշված էր ԿԲ հաղորդագրության մեջ:

«Հայինկասացիայի» գործազուրկ դարձած աշխատակիցները իրենց շահերի պաշտպանության համար դիմել են տարբեր ատյաններ` այդ թվում դատարան:

 

 

  • Կիսվել: