կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտերի է մասնակցել Ջրականում, Շուշիում, խոցել է երկու տանկ. ով է նախօրեին ակցիա իրականացրած Արցախի հերոսը

Մարտերի է մասնակցել Ջրականում, Շուշիում, խոցել է երկու տանկ. ով է նախօրեին ակցիա իրականացրած Արցախի հերոսը

Նախօրեին Գյումրիում  8-րդ համահայկական խաղերի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած 30-ամյա Արցախի հերոս Գոռ Մուրադյանը Արցախի Երիցվանք գյուղից էր, արմատներով գյումրեցի, նախկինում ծառայել է Արցախի ԱԱԾ սահմանապահ զորքերում: 

NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչու է որոշել նման ակցիա իրականացնել:

«Ես պաստառս պարզեցի Ստեփանակերտի մարզիկների դուրս գալու ժամանակ, դրանից հետո ոստիկանները ինձ խնդրեցին հեռանալ, որեւէ քաշքշոց չի եղել, ես չեմ ուզել միջոցառումը խանգարեմ, խուլիգանություն անել, ես իմ ակցիան անցկացրեցի եւ հեռացա: Չգիտեմ էլ՝ Փաշինյանը տեսավ, թե՝ չէ: 

Ինձ համար  այդ հերոսի կոչում ստանալը էական չէ, իմ համար կարեւորն այն է,որ իմ ընկերներն Արցախի համար արյուն են թափել, իսկ այսօր այդ արյան վրա քայլում են այն մարդիկ, որոնք մեր ազգի մեջ դարերով տեղ չեն ունեցել:

Հայրենասիրությունը  ինձ հորիցս է ժառանգվել, իմ հայրը կռվել է առաջին արցախյան պատերազմում ու ինձ միշտ հետաքրքրիր  է եղել՝ ոնց են կռվել, ոնց են հաղթել: Իր խոսքն եմ հիշում, որ միշտ ասում էր՝ մենք մտանք, գոռացինք, թշնամին  փախավ, իսկ այս անգամ հակառակը եղավ: Դրա համար ես այսօր  մի ցանկություն ունեմ՝ հասնեմ այն սահմաններին, որոնք մեր հայրերն են հասել»,- ասաց նա:

Գոռ Մուրադյանը ընդգծեց, որ իր համար էական չէ, թե ով կլինի երկրի ղեկավարը, ինքը այդ ակցիան իրականացնելու էր, ով էլ որ երկիրը հասցներ այս վիճակին:

 Սակայն նշում է, որ եթե նորից հրաման լինի պատերազմելու եւ կորցրածը հետ բերելու, նորից կզինվորագրվի, անկախ նրանից, թե ով կլինի երկրի ղեկավարը:

«Արցախը միշտ մերն է եղել, բայց այսօրվա դրությամբ հայտնվել է մեկը, որ ասում է, որ այն Ադրբեջանի կազմում է ճանաչում»,- նշեց նա:

Գոռ Մուրադյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մարտերի է մասնակցել Ջրականում, եղել է Մեղրիում, վերջին մարտերը վարել է Շուշիում: Պատերազմի ժամանակ խոցել է ադրբեջանական 2 տանկ, ինչի համար էլ ներկայացվել է Արցախի հերոսի կոչման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Արցախի ներկայացուցիչների մարզադաշտ մտնելուն պես՝ մարզադաշտ է մտել նաև արցախյան պատերազմների մասնակից, Արցախի հերոս Գոռ Մուրադյանը և «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը։

  • Կիսվել: