շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարս տանող ճանապարհի կանգառներից մեկը Հայաստանն է. Երևակայական Մարս՝ Արմաշում

Մարս տանող ճանապարհի կանգառներից մեկը Հայաստանն է. Երևակայական Մարս՝ Արմաշում

Վեց անալոգ տիեզերագնաց մինչև ապրիլի 5-ը մեկուսացած կմնա Հայաստանի Արմաշ գյուղում կառուցված անալոգային տիեզերակայանում՝ ուսումնասիրություններ անելու համար:

«Արմենպրես»-ը զրուցել է անալոգ տիեզերագնացների հետ:

Ավստրիական տիեզերական ֆորումը 3 տարին մեկ իրականացնում է AMADEE Մարսի անալոգային գիտական առաքելությունը, որի նպատակը դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելն է: Կարմիր մոլորակի հետազոտությունն ու տիեզերագնացները կոչվում են անալոգային, քանի որ ոչ մեկն իրականում տիեզերք չի գնում՝ փոխարենը փորձ է կուտակում:

«Ես գիտեմ, որ մենք շատ սխալներ ենք անելու, և դա այն է՝ ինչի համար այստեղ ենք: Մեր նպատակը ձախողվելն է, հնարավորինս շատ ու էժան: Հավաքել արագություն ու աճել», -ասաց Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը:

Gernot-HM2_3451.jpg (415 KB)

2013-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015-ին՝ Ավստրիայում, 2018-ին՝ Օմանում եւ 2021-ին՝ Իսրայելի Նեգեւ անապատում: 2024 թվականի թեկնածու երկրների շարքում եղել են նաեւ Ավստրալիան, Եգիպտոսն ու Թունիսը. հյուրընկալող երկիր ընտրվել է Հայաստանը։ 

«Ճիշտն ասած՝ մեր ռադարներում Հայաստանը չկար, բայց մտածեցինք նայել, հետազոտեցինք արբանյակային նկարները, տեղում ուսումնասիրեցինք: Պարզեցինք Մարսի նմանության շատ տեղեր կան ու որոշեցինք, որ սա իրոք հրաշալի ընտրություն է»,-պատմեց Գրյոմերը:

AMADEE-24 առաքելության հայկական կողմի նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանն ասում է՝ Մարսի ծրագրի տիեզերակայանի համար հարմար վայր են փնտրել Արագածոտնում, Կոտայքում և Արարատում, վերջում կանգ են առել Արմաշի վրա: Ընդգծում է՝ այստեղից օտարերկրյա տիեզերագնացների համար դեպի Արարատ հիանալի տեսարան է բացվում: Մոտ 200 քմ մարսյան բազան է ու հեկտարներով Մարսը:

HaykHM2_4501.jpg (876 KB)

«Մարս առաքելություն ուղարկելը քաղաքակրթության հաջորդ աստիճանի սկիզբն է: Սա մեծ հնարավորություն է մեր գիտնականների համար, կարող են կապեր հաստատել եվրոպացի գիտնականների հետ: Դպրոցականներն էլ  կսկսեն ավելի մեծ երազել»,- նշեց Ասլանյանը:

Անալոգային տիեզերագնաց Սիմոնե Պետերնոստրոն, որն AMADEE-24 վեց հոգանոց թիմի անդամներից է, ընդգծեց, որ առաքելության հիմնական նպատակը գիտելիք, փորձ կուտակելն է:

Simone PHM2_3063.jpg (544 KB)

«Մենք պետք է կարողանանք  խթանել տիեզերական հետազոտության հայեցակարգը, քանի որ տիեզերական հետազոտությունը դժվար է իրական ժամանակում իրականացնել: Նման առաքելությունները պետք է շատ անցկացվեն՝ ներգրավելով մեդիային՝ հուսալով, որ հետաքրքիր կներկայացվի մեր արածը: Այսպիսով` ապագա սերունդը դպրոցներում նոր դասընթացներ անցնելու հնարավորություն կունենա: Հետաքրքրություն կծնվի գիտության և տեխնոլոգիաների հանդեպ»,- մանրամասնեց AMADEE-24 առաքելության անդամը:

Թիմի մեկ այլ անդամ Թոմաս Վեյնեն էլ նշեց, որ Կարմիր մոլորակն ուսումնասիրելու գործընթացի մասնիկ է ցանկացել լինել դեռ վաղուց: Իսկ առաքելությանը մասնակցելը հիանալի հնարավորություն է համարում իր երազանքին ավելի մոտ գտնվելու ճանապարհին: Երիտասարդ սերնդին հաստատակամ խորհուրդ է տալիս՝ պետք է հետևել երազանքներին: Հայաստանի մասին էլ անալոգ տիեզերագնացը դեռ վաղուց էր լսել:

ThomasHM2_3398.jpg (425 KB)

«Ես լսել եմ, որ Հայաստանն  ունի ներդրում աստղագիտության ոլորտում: Լսել եմ Վիկտոր Համբարձումյանի մասին ու ծանոթ եմ նրան: Նաև գիտեմ որ Հայաստանը ներդրում ունի առաջին մարսագնացի (Rover) կառուցման և դիզայնի մեջ: Կարծում եմ, սրանք ազդեցիկ պատմություններ են»,- պատմեց Թոմաս Վեյնեն:

Թե երբ մարդը ոտք կդնի կարմիր մոլորակ, տիեզերագնացներն ու գիտնականները հստակ ասել չեն կարողանում, բայց գիտեն, որ պատմական այդ օրը սարերի հետևում չէ: Վստահ են` եթե իրենք չլինեն առաջին մարսագնացները, ապա կտեսնեն այն մեկին, ով ոտք կդնի այդ մոլորակ:

«Մարսի վրա առաջինը ոտք դնող  մարդն արդեն ծնվել է և հիմա գուցե Երևանում դպրոց է հաճախում: Ո՞վ գիտի: Դեպի Մարս տանող ճանապարհի մի մասը լինելու է կարմիր-սպիտակ-կարմիր՝ ինչպես Ավստրիայի դրոշը, բայց մի մասն էլ լինելու է կարմիր-կապույտ-ծիրանագույն՝ ինչպես Հայաստանի դրոշը»,-եզրափակեց Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրենը:

Այսպիսով` Մարս տանող  ճանապարհի առաջին քայլերը դրվում են նաև Հայաստանում:

  • Կիսվել: