շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ, որում ասվում է.

«Միջազգային հանրությունը հոկտեմբերի 10-ին նշում է Հոգեկան առողջության համաշխարհային օրը: Սա առիթ է հասարակությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հոգեկան առողջության կարևորության վերաբերյալ` միավորելով ջանքերը ոլորտում առկա խնդիրների վերհանման և կարգավորման ուղղությամբ:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամ են, ունեն այն բոլոր իրավունքները, ինչ յուրաքանչյուրս, մինչդեռ նրանց նկատմամբ առկա հասարակական և սոցիալական ընկալումները, խտրական վերաբերմունքը նրանց դարձնում են ավելի խոցելի:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հաճախ խոցելի են նաև իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու և պաշտպանելու տեսանկյունից, և արդյունքում դուրս են մնում հասարակական հարաբերությունների և կյանքի տարբեր բնագավառներից, ինչպես նաև իրենց վերաբերելի որոշումների կայացումից:


Մեր երկրում այս տեսանկյունից կան համակարգային տարբեր խնդիրներ, որոնցից գլխավորը շարունակում է մնալ Հայաստանում հոգեբուժական օգնության և սպասարկման ոլորտում համայնքահեն ծառայությունների անարդյունավետ կիրառությունը:

Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվում: Անգործունակության ինստիտուտը վերափոխման կարիք ունի, անհրաժեշտ են նշված հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտան վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակում և պատշաճ հսկողություն իրականացնել ոլորտի նկատմամբ։

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ առկա խնդիրները վերհանելու, լուծման պատշաճ մեխանիզմներ մշակելու նպատակով Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները պարբերաբար չհայտարարված այցեր են իրականացնում հոգեկան առողջության տարբեր կենտրոններ։

Վեր հանված խնդիրներն ամփոփվում են, մշակվում են, դրանց լուծման տարբերակները ներկայացվում են պետական իրավասու մարմիններին: Բացի այդ, բոլոր խնդիրները տեղ են գտնում նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։

Յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով պետք է ձևավորի այնպիսի միջավայր, որտեղ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների իրացումը երաշխավորված կլինի»։

  • Կիսվել: