Մարալ Նաջարյանն անձամբ է նախընտրել վերադառնալ Լիբանան, այլ ոչ թե Հայաստան. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՝ կապված Լիբանանի քաղաքացի հայազգի Մարալ Նաջարյանի ազատ արձակման հետ:
«Ադրբեջանական կողմի ցուցաբերած «հումանիզմի» արդյունքում մարտի 10-ին ազատ է արձակվել լիբանանյան Բուրջ Համուդ քաղաքում ծնված Մարալ Նաջարյանը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Մարալ Նաջարյանը ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Լիբանանի քաղաքացիություն: Նա ձերբակալվել է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հակամարտության գոտում` ևս մեկ հայկական ծագմամբ Լիբանանի քաղաքացու հետ միասին:
Աբդուլլաևան նշել է, որ իբրև թե, Մարալ Նաջարյանն անձամբ է նախընտրել վերադառնալ Լիբանան, այլ ոչ թե Հայաստան:
«Պետք է նշել, որ ռուսական կողմի հետ քննարկումների արդյունքում Մարալ Նաջարյանին չեն ուղարկել Ռուսաստան, քանի որ նա Լիբանանի քաղաքացի է: Այդ պատճառով նրան Թուրքիայի տարածքով հետ ուղարկեցին Լիբանան», – ամփոփել է Աբդուլլաևան: