հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մաքսային ծառայողները RANDA-ի շրջանակում մասնակցել են միջազգային դասընթացին

Մաքսային ծառայողները RANDA-ի շրջանակում մասնակցել են միջազգային դասընթացին

ՊԵԿ մաքսային ծառայողները, Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Միջուկային և ճառագայթային հայտնաբերման մասին իրազեկման ծրագրի (RANDA) շրջանակում մասնակցել են ՊԵԿ Ուսումնական կենտրոնում վերապատրաստման 4-օրյա դասընթացին, հայտում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաքսային ծառայողները ՀՄԿ հեղինակավոր փորձագետների հետ քննարկել են ճառագայթային և միջուկային սպառնալիքի դեմ պայքարին ուղղված մոտեցումները և միջազգային լավագույն փորձը, համաշխարհային միտումներին համահունչ կիրառվող ժամանակակից գործիքակազմը և մեխանիզմները, ճառագայթային և միջուկային նյութերի՝ մաքսանենգ ճանապարհով տեղափոխման կանխարգելման միջոցներին առնչվող հարցեր: Կարևորվել է ճառագայթային և միջուկային նյութերի հայտնաբերման հարցում մաքսային մարմինների դերը:

ՊԵԿ մասնագետը ներկայացրել է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի ընթացակարգերի մասին ազգային փորձը, ինչպես նաև ռադիոակտիվ և միջուկային նյութերի հայտնաբերման գործնական փորձարկումներ են կատարվել «Ուսումնական կենտրոն» համապատասխան լսարանում։

Դասընթացի շրջանակում ուսումնական այց է տեղի ունեցել Զվարթնոց միջազգային օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում:

Պետական եկամուտների կոմիտեն բարձր է գնահատում նմանատիպ վերապատրաստումների կազմակերպման անհրաժեշտությունը, քանի որ վերջիններս նպաստում են մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը և աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

  • Կիսվել: