երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Մանրամասներ՝ Լուգանսկում գտնվող հայերի վերաբերյալ

Մանրամասներ՝ Լուգանսկում գտնվող հայերի վերաբերյալ

«Հայերի վիճակը, փառք Աստծո, նորմալ է»,- քիչ առաջ  Zarkerak.am-ի հետ զրույցում Լուգանսկում ստեղծված իրավիճակը ներկայացնելով ասաց  Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունում  Հայերի միության նախագահ Վարդան Հայրապետյանը։  

Ըստ Հայրապետյանի, Լուգանսկում այժմ բնակվում է շուրջ 3 հազար հայ, որոնցից մոտ 20 տոկոսն է դուրս եկել․ «Ով կարողացել է, դուրս է եկել, իրենց ունեցած հնարավորություններով, տրանսպորտային միջոցներով։ Կանայք և երեխաները հիմնականում դուրս են եկել։ Շատ կանայք ասում էին, որտեղ մեր տղամարդիկ, այնտեղ  էլ մենք։ Իմ ընտանիքն էլ դրանցից մեկն է»,-նշեց Հայրապետյանը։

«18-55 տարեկան բոլոր տղամարդիկ  քաղաքում են մնացել։ Տղամարդիկ լքելու տարբերակ չունեին, որովհետև 18-55 տարեկաններին  չէին թողնում դուրս գալ։ Դուրս գալու ցանկություն ունեցողները շատ չէին ։ Մենք այստեղի բնակիչներ ենք, այստեղի  քաղաքացիներ ենք,մենք էլ մեր պարտականություններն ունենք, չէինք կարող թողնել, փախչել, ինչ-որ բանով էլ մենք պիտի օգտակար լինեինք»,- ասաց Հայրապետյանը։

Մեր զրուցակցի խոսքով, Լուգանսկում շատ հայեր մնացել են իրենց կամքով, հիմա տներում են․ «Ապահով են, ամեն մեկն իրենց նկուղներն ունեն, եթե  սկսվի գնդակոծումը՝ պատսպարվելու տեղ կա հայերի համար»։ 

«Ապաստարանների խնդիր չկա՝ ապահոված են, ամեն մեկը իր տանն իր սնունդն ունի, մինչև այդ էլ, երբ նոր էին գործողությունները սկսվել, ժողովուրդը ամեն ինչ առել է։ Քաղաքում ես մեքենայով կարողանում են շրջել, եթե օգնություն է պետք՝ հասցնում եմ։ Ես իրավունք չունեմ դա չանելու»։ 

Նկարագրելով ստեղծված իրավիճակը՝ Հայրապետյանը նշեց․ « Շատ լարված վիճակ է, առաջին գծում կռիվներ են։ Հիմա ուժեղ կրակոցներ են գնում, հուսանք Ուկրաինան քաղաքը չի գնդակոծի։ Հայերի շրջանում զոհեր, տուժած տներ չկան։ Ժողովրդի շրջանում վախեցած վիճակ է։ Դե կռիվ է, ուրիշ ինչ պիտի լինի»։ 

Հայրապետյանի խոսքով, առավել լարված է իրավիճակը սահմանային հատվածում․  «Քաղաքի ուղղությամբ կրակոցներ չկան։ Բայց սահմանին ուժեղ կռիվներ են։ Մեր կողմի փոքր գյուղերի վրա էլ կրակոցներ կան»։ 

Գյուղերում, որոնք սահմանից հեռու են կես կամ մեկ կիլոմետր,Հայրապետյանի խոսքով,  կան պայթեցված տներ, նաև զոհեր․ «Բնակիչների շրջանում զոհեր կան, բայց ոչ քաղաքի կենտրոնում։ Կրակոցներ, պայթյուններ կան, բայց սահմանին մոտ գյուղերում»,-մեզ հետ զրույցում ամփոփեց Վարդան Հայրապետյանը։  

  • Կիսվել: