կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մանրամասներ՝ Եղեգնաձորում երեխաների վրա շան հարձակման դեպքից

Մանրամասներ՝ Եղեգնաձորում երեխաների վրա շան հարձակման դեպքից

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Վայքի փողոցի թիվ 1 հասցեում գործող Եղեգնաձոր բժշկական կենտրոնի տարածքում կատաղած շուն կա, որին անվտանգ բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազագ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչություն և ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, և ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ մարզային վարչության պետ Հակոբ Սարգսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ թափառող շունը, որը եղել է կատաղած, հիվանդանոցի վարչական տարածքում հարձակվել է Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 10-ամյա Վիկա Գ.-ի, 11-ամյա Թագուհի Ս.-ի, 5-ամյա Վազգեն Վ.-ի և 3-ամյա Արիաննա Հ.-ի վրա, ովքեր վնասվածքներ են ստացել:

Երեխաները տեղում Եղեգնաձորի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի անձնակազմի կողմից անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Փրկարարները հիվանդանոցից հեռու՝ Շահումյան փողոցում հայտնաբերել են կատաղած շանը և քնեցրել փողային ներարկիչի մջոցով, ապա փոխանցել են Շրջակա միջավայրի նախարարության Վայոց Ձորի մարզի աշխատակիցներին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ նույն շունը հարձակվել է ևս 2 երեխայի վրա, իսկ այսօր ոչ միայն երեխաների, այլ նաև մի քանի շների վրա է հարձակվել:

  • Կիսվել: