երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին նոյեմբերի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Ֆաբիան Սալվիոլին գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

  • Կիսվել: