հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին և ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Այս համատեքստում Վահե Ղազարյանը շեշտել է նաև ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները։

«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել է հիմնադրամի առաքելության ոլորտներն ու պատրաստակամություն հայտնել օժանդակել ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումներին։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների, ոլորտային օրենսդրական փոփոխությունների և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման, ծառայողների վերապատրաստման, «Սեյֆ յու» հավելվածի գործարկման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նշվում է, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։

  • Կիսվել: