ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև հարևանությամբ գործող մեծ թվով օբյեկտների աշխատակիցներ իրենց զայրույթի խոսքն են ուղղում պատկան մարմիններին՝ ասելով, որ նշված հատվածում անընդհատ ավտովթարներ, վարերթեր, այդ թվում, ցավոք, ողբերգական դեպքեր են տեղի ունենում։

Եվ իրենք բազմաթիվ անգամներ նամակներ են ուղղել պատկան մարմիններին, որ միջոցներ ձեռնարկեն ու նշված հատվածում տեղադրեն արագաչափ և տարածքը կահավորեն երթևեկության համար անհրաժեշտ պարագաներով, սակայն ոչ մի դրական արդյունք։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: