երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված ստուգողական գործողություններով պարզվել էր, որ նա սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134,2-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի էր ենթարկվել: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի:

Սեպտեմբերի 27-ի ժամը 23.15-ին, վրաերթի ենթարկված տղամարդը, որը Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ Գարիկ Թովմասյանն է, հիվանդանոցում մահացել է:

ՆԳՆ ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մահվան ելքով վրաերթը կատարել է «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայի 63-ամյա վարորդը: ՆԳՆ ոստիկանության Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «ՎԱԶ-21099»-ի վարորդը սեպտեմբերի 28-ին, ժամը 04.00-ին, Գորիս քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վայոց ձորի քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: