երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահվան ելքով կրկնակի վրաերթ Պռոշյան գյուղում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա Ford Focus-ը՝ կրկնակի վրաերթի ենթարկել, հետիոտնը տեղում մահացել է

Մահվան ելքով կրկնակի վրաերթ Պռոշյան գյուղում. Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա Ford Focus-ը՝ կրկնակի վրաերթի ենթարկել, հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19․50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել մի կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Ford Focus մակնիշի ավտոմեքենայի կողմից հետիոտնը կրկնակի վրաերթի է ենթարկվել։ Օպերատիվորեն ժամանել է բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի երրորդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և նույն վաշտի երկրորդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Տիգրան Բունիաթյանն ու Էդուարդ Աղաբեկյանը, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ մահացածը վրաերթի վայրի հարևանությամբ գտնվող տներից մեկում էր ապրում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկ Հակոբյանը։ ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ասլան Փիլոյանի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․Շամշյանի տեղեկություններով, երկու ավտոմեքենաների վարորդներն էլ դեպքի վայրից փախուստի չեն դիմել, ինքնակամ ներկայացել են տեղում ծառայություն կատարող Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել են Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ 

  • Կիսվել: