երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Լրտեսական ու հետախուզական տվյալներ են հավաքվում հայաստանյան ոլորտի փորձագետներից. կիբերհանցագործության թիրախում քաղհասարակության ներկայացուցիչներն են

Լրտեսական ու հետախուզական տվյալներ են հավաքվում հայաստանյան ոլորտի փորձագետներից. կիբերհանցագործության թիրախում քաղհասարակության ներկայացուցիչներն են

Կիբերհանցագործները թիրախավորել են հայաստանյան քաղհասարակությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել  է տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը:

Պապյանի խոսքով՝ «Սիգնալ» հավելվածով հանրության շրջանում հայտնի մարդիկ նամակներ են ստանում, որոնք հորդորում են նրանց դիմել հրատապ գործողությունների։

«Դա թիրախավորված հարձակում է, քանի որ սովորական մարդկանց այդպիսի հարձակում չի սպառնում, սա կոնկրետ թիրախավորված հարձակում է եղել, կոնկրետ քաղհասարակության՝ օրինակ հայաստանյան վերլուծաբանների, իրավապաշտպանների,  փորձագետների ու կոնկրետ մասնագետների նկատմամբ:

«Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանն օրեր առաջ է ստացել մի գրություն, որտեղ տագնապային տեղեկություն կար սահմանի վերաբերյալ, ասել է Պապյանն ու հավելել, սա դասական ֆիշինգի օրինակ է, որը հայերեն բառացի թարգմանած նշանակում է ձկնորսություն. նպատակը այս դեպքում ձկան փոխարեն մարդուն կարթի վրա բռնելն է, որի հիմնական նպատակն է՝ գողանալ արժեքավոր տվյալներ և վերահսկել ֆիշինգի զոհի օգտահաշվիները։ Լավագույն դեպքում՝ չանել ոչինչ, անվտանգության մասնագետի խորհուրդն է, իսկ եթե արդեն ուշ է և կիբերհանցագործի առաջարկած հղումով անցել եք, արագ փոխել օգտահաշիվների գաղտնաբառերն ու դիմել մասնագետի», -ասաց Պապյանը:

Պապյանի խոսքով՝ օրինակ, նախորդ  հարձակման համար կոնկրետ օգտագործվել է ԵՄ դեսպանի  անունը, որի անունով  պարզապես ստեղծվել է կեղծ օգտահաշիվ՝ իր անուն ազգանունով, և իր անունից ուղարկվել է միջոցառման մասնակցության հրավեր, ընդ որում՝ կարևոր է հասկանալ, որ հրավերներ ԵՄ դեսպանը չի ուղարկում, և ինքը, ըստ էության չի էլ կարող ուղարկել, քանի որ կան դրա համար համապատասխան անձինք կամ  միջոցառումների կազմակերպիչներ:

«Առաջին դեպքում մենք չենք ավարտել վերլուծությունը, պարզելու, թե դրա նպատակն ինչ էր, բայց ամեն ինչից դատելով՝ դրա հիմնական նպատակն էր վերահսկողություն սահմանել որոշակի տվյալների նկատմամբ, և երկրորդը՝ նմանատիպ էլի մի հարձակում էր, որի նպատակը քաղհասարակության ներկյացուցիչների վոթսափյան օգտահաշիվների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է, այսինքն երկու դեպքերում էլ հարձակման ուղղությունն այն է՝ ավելի շատ լրտեսական ու հետախուզական տվյալներ հավաքել հայաստանյան ոլորտի փորձագետներից ու վերլուծաբաններից, իսկ թե ովքեր կարող են անել այդ ամենը՝ այս պահին հնարավոր չէ ասել, սակայն նախնական որոշ գնահատականներ ունենք:  Նմանատիպ հարձակման մեկ ամիս առաջ էլի եղել է և այն վերաբերվել է ռուսական հաքերային խմբավորումներին, և այդ հարձակումը, որի մասին գուգլն էլ է գրել, ձեռագիրը նման էր սրան», -ասաց Պապյանը:

Պապյանի խոսքով՝ հիմնական թիրախում են այն մարդիկ, ովքեր քաղհասարակության կառույցներ են ղեկավարում, տիրապետում են պետական կարևոր ինֆորմացիայի, և կարևոր է, որպեսզի չընկնեն թակարդը ու հասկանան ամեն բան, շտապողականություն չցուցաբերեն, և ցանկալի է, որ պարբերաբար վերանայեն իրենց օգտահաշիվների անվտանգության կարգավորումները: «Պետք է պարբերաբար թարմացնեն իրենց գաղտնաբառերը, բոլոր տեղերում, որտեղ հնարավոր է, միացնեն երկգործոն անվտանգություն, քանի որ սրանք կարող են վերաբերվել ցանկացածին՝ ցանկացած ոլորտում, օրինակ դա կարող է վերաբերվի մարդկանց, ովքեր ունեն բանկային օգտահաշիվներ, արժեքավոր տեղեկատվություն», - եզրափակեց Պապյանը:

  • Կիսվել: