ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրանցում ոստիկանության բռնության մասին

Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրանցում ոստիկանության բռնության մասին

Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում հնարավորություն չունի նույնականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանների կողմից օպերատորի նկատմամբ կիրառված բռնության դեպքին:

Դիտարկմանը, որ նա ասել է, որ լրագրող է, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ասելով չի, լիքը մարդ կարող է լիքը բան ասել: Ոստիկանությունը առանց բեյջի մարդուն պետք է ասելով նույնականացնի՞: Այսինքն ոստիկանությունը, երբ գործողություններ է իրականացնում, պետք է գնա բոլորից հարցնի՝ դու ով ես, ներողություն, կարելի՞ է  ձեզ բերման ենթարկել: Ոչ իհարկե: Լրագրողներն ու օպերատորները, եթե տվյալ տարածքում գործունեություն են իրականացնում, ապա պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն: Իսկ եթե այդտեղ ծառայողական լիազորությունների վերազանցում կա, ապա կա իրավական պրոցես, թող ծառայողական քննություն հարուցվի»:

Հարցին՝ ի՞նչ կանի, եթե տեսնի, որ լրագրողը առանց որեւէ փաստ ներկայացնելու հայտարարի, որ ինքը այսինչ երկրի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում, որ ինչ-որ գործընթաց անի, նա պատասխանեց. «Ես հաստատ լրագրողի ծնոտին չեմ հարվածի: Եթե ես հասկանամ, որ դուք ինձ զրպարտում կամ վիրավորում եք, կդիմեմ դատարան: Ես որեւէ մեկի ծնոտին չեմ խփելու»,-ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել:

  • Կիսվել: