երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լրագրողների, լրատվամիջոցների, սոցցանցերի օգտատերերի մեծ մասը բաժանվել է հակադիր ճամբարների․ հայտարարություն

Լրագրողների, լրատվամիջոցների, սոցցանցերի օգտատերերի մեծ մասը բաժանվել է հակադիր ճամբարների․ հայտարարություն

Դիտորդ Մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ հայտարարությունը խտրական վերաբերմունքի եւ ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին․

2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախի դեմ Ադրբեջանի պատժիչ
գործողությունների պայմաններում հայաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական
մեդիայում կտրուկ ավելացան արցախցիների նկատմամբ խտրականության, իսկ որոշ
դեպքերում ատելության խոսքի դրսևորումները, որոնք, ցավոք, սովորական էին դարձել վերջին
տասնամյակներում։ Հաճախ են հնչում արցախցիներին ուղղված «էթնիկ մեղադրանքներ»,
վիրավորանքներ՝ իրենց ծագման վայրի հիշատակմամբ։
Դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդը խորին մտահոգությամբ
արձանագրում են, որ արցախցիների դեմ սանձազերծված պատերազմի նոր փուլը,
ադրբեջանական ռեժիմի էթնիկ զտումների գոտիներում հաստատված տեղեկատվական
վակուումը, ներքաղաքական ճգնաժամն ու հանրային բուռն հուզումները երկրի ներսում
հանգեցրել են նրան, որ լրագրողների, լրատվամիջոցների, սոցցանցերի օգտատերերի մեծ մասը
բաժանվել է հակադիր ճամբարների և նույնացվում է հակընդդեմ քաղաքական ուժերի հետ՝
երկրորդ պլան մղելով մասնագիտական սկզբունքները։
Մասնավորապես՝ civic.am կայքը նշել է, թե Երևանի կենտրոնում մեքենաներ ջարդող,
մարդկանց հայհոյող, վարորդներին ահաբեկող «երիտասարդները ղարաբաղցի են»։ Այս
հրապարակման դեմ սոցիալական ցանցերում տարածված արդարացի վրդովմունքին ի
պատասխան՝ նույն կայքը փորձել է երգիծանքի վերածել իր «զղջման խոսքը» և գրել է․ «Հաշվի
առնելով մեր ընթերցողների հանրային պահանջը, այլևս չենք նշի նրանց ծագման մասին, երբ
լուսաբանենք նրանց կողմից հասարակ քաղաքացիների ահաբեկումը, ծեծը, ունեցվածքի
ջարդը1 »։ Սա մեդիայի համար անթույլատրելի ծաղր է՝ իր ընթերցողների հասցեին։ Նույն
բովանդակությամբ հեգնախառը «զղջում» է տարածել նաև araratnews.am կայքը։
24news.am կայքի տեսանյութի վերնագիրն է․ «Ղարաբաղցի երիտասարդները հարձակվեցին
քաղաքացու մեքենայի վրա, հայհոյանքներ տեղալով կոտրեցին ապակին»։ Նույն կայքի մեկ այլ
տեսանյութի վերնագիրն է․ «Ղարաբաղցի ջարդարարները շարունակում են հարձակվել
քաղաքացիների մեքենաների վրա»։ Նույն կայքի մեկ ուրիշ տեսանյութի վերնագիրը՝
«Ղարաբաղցի երիտասարդները հարձակվեցին հերթական մեքենայի վրա»։
Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը և Տեղեկատվական վեճերի խորհուրդն
անընդունելի են համարում արցախցիների դեմ ատելություն սերմանող և նրանց հանդեպ
խտրական վերաբերմունքի դրդող տեքստերի տարածումը։ Նույնքան անընդունելի է, երբ
լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով իրար նկատմամբ այդպիսի բովանդակություն
են տարածում տարբեր գաղափարական, քաղաքական կողմնորոշումներ ունեցող անձինք, այդ
թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Խնդիրը դիտարկելով իրավական տեսանկյունից՝ հայտարարում ենք, որ
անհանդուրժողականություն, խտրականություն ու թշնամանք տարածող

1 Մեջբերումները՝ առանց խմբագրման։
արտահայտությունները (հավաքական կերպով՝ ատելության խոսքը) չեն կարող օգտվել ազատ
խոսքի որևէ պաշտպանությունից՝ ՀՀ իրավական համակարգում կամ միջազգային
իրավունքում։
Ատելության խոսքի կանխարգելման եվրոպական քաղաքականության համաձայն՝
լրատվամիջոցը, որը տարածել է որևէ այդպիսի արտահայտություն, պարտավոր է այդ
առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ՝ տեղեկացնելով և հրապարակավ ընդունելով այդ
փաստը։ Դա դիտարկվում է որպես իրավական պաշտպանության ոչ նյութական
փոխհատուցման միջոց։
Ելնելով վերը նշվածից, կոչ ենք անում՝ զանգվածային անհնազանդության գործողությունների
ժամանակ դրսևորվող անօրինական արարքների մեղքը չկապել ներէթնիկ որևէ խմբին
պատկանելության հետ, մանավանդ, երբ այդ արարքներն ակնհայտորեն պայմանավորված չեն
անձի ծագմամբ։
Ենթադրյալ հանցանք կատարած մարդուն վերաբերող հրապարակումներում նրա ազգային
պատկանելությունը կամ ներէթնիկ խումբը նշելը կամ շեշտելը հանգեցնում է այդ ամբողջ
համանյքի նկատմամբ բացասական, նույնիսկ թշնամական վերաբերմունքի ձևավորմանը։ Այն
դեպքերում, երբ լրատվամիջոցն այդուհանդերձ թույլ է տվել նման դրսևորում, հորդորում ենք
սեփական նախաձեռնությամբ ճանաչել սխալը, ներողություն խնդրել և դիմել հանրությանը՝
հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք ցուցաբերել սոցիալական տարբեր խմբերի
հանդեպ։
Իրենց հրապարակումները, ռեպորտաժները, տեսագրությունները սոցիալական ցանցերում
տարածող լրագրողներին կոչ ենք անում պահպանել Լրատվամիջոցների և լրագրողների
էթիկական սկզբունքների Կանոնագրի 3.5.1․դրույթը, որը սահմանում է․ «Սոցիալական
ցանցերում չտարածել հայտարարություն կամ չկատարել գրառումներ, որոնք կարող են
ընկալվել որպես ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական հայացքների կամ այլ
հիմքով խտրականության դրսևորում»:
Կոչ ենք անում առանց վերապահումների կիրառել Հայաստանի լրատվամիջոցների և
լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի 5․2․ դրույթը, որը սահմանում է․ «Որևէ
ձևով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք և անհանդուրժողականություն, քաղաքական,
սոցիալական, սեռական և լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության
խոսքը»:
Հայ հասարակությանը, սոցցանցերի օգտատերերին կոչ ենք անում չվերատարածել ներէթնիկ
որևէ խմբի դեմ ատելության կամ խտրականության դրսևորումները, հատկապես զգոն լինել
կեղծ լուրերով, ապատեղեկատվությամբ, քարոզչությամբ լի սոցցանցային տիրույթում և
տելեգրամյան ալիքներում տեղեկություններ փնտրելիս, քննադատաբար մոտենալ
լրատվության աղբյուրներին, ֆիլտրել ֆեյքերը և չտարածել դրանք։

Հայտարարությունն ընդունվել է 2023 թ. հոկտեմբերի 2-ին, Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ
մարմնի և Տեղեկատվական վեճերի խորհրդի համատեղ որոշմամբ

  • Կիսվել: