շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լոռու մարզում ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Opel Astra-ն. 4 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները

Լոռու մարզում ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Opel Astra-ն. 4 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները

 Այսօր՝ հունիսի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:  

Օպերատիվ է գործել նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Հրաչյա Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքյի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմուքի տեսուչ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: