շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լոռու մարզում՝ «Ռոսիա» ակումբի մոտ, հնչել են կրակոցներ. կա վիրավոր, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կրակողին ու հրացանը

Լոռու մարզում՝ «Ռոսիա» ակումբի մոտ, հնչել են կրակոցներ. կա վիրավոր, ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կրակողին ու հրացանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանությա Գուգարքի ու Տարոնի բաժինների ծառայողները, ովքեր պարզել են, որ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև, որի ընթացքում Ա. Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Մ. Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից։

  • Կիսվել: