երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Լոռու մարզում Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Լոռու մարզում Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. հարազատ քույրերը տեղում մահացել են

Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը 17:50-ի Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր  ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար  Արման Սուքիասյանի գլխավորությամբ: ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:  

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Մացակ Փանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Ներկարարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: Մահացածները կանայք են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մահացածները Երևանի բնակիչներ, 68-ամյա Ռիմա Ոսկանյանն էր և 62-ամյա  Ռոզա Ոսկանյանն էր: Նրանք հարազատ քույրեր էին:

  • Կիսվել: