երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Լոռու մարզպետն այցելել է Դեբեդ, Ալավերդի և Քարկոփ

Լոռու մարզպետն այցելել է Դեբեդ, Ալավերդի և Քարկոփ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Դեբեդ բնակավայր, վերջինիս վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի ուղեկցությամբ հետևել այստեղ կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ, հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:

Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է:

Կառուցվելիք դպրոցը կլինի կրթության արդի չափանիշներին համապատասխան կրթօջախ. կունենա ժամանակակից դասարաններ, լաբորատորիաներ, ստեղծագործական տարածքներ, սպորտային խաղահրապարակներ՝ Դեբետում ստեղծելով նոր կրթական միջավայր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում դպրոցի շենքը հագեցած կլինի գերժամանակակից սարքավորումներով, որոնք կխթանեն արդյունավետ ուսուցման գործընթացը։

Նոր դպրոցը կծառայի՝ որպես հիմնական ուսումնական հաստատություն՝ ներառելով տարրական, միջնակարգ և ավագ դպրոցների ծրագրերը։ Շենքը կբավարարի շուրջ 190 աշակերտի ուսումնառության պահանջները: Դպրոցի բացումը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին:

Դեբետի միջնակարգ դպրոցում այժմ սովորում է 114 աշակերտ, նրանց ուսումնառությունը ժամանակավորապես կազմակերպվում է COAF ՍՄԱՐԹ կենտոնում և Դեբետի վարչական շենքում: Մարզպետը նշել է, որ մարզի դպրոցների և մանկապարտեզների կառուցումն ու հիմնանորոգումը, երեխաների համար կրթության հարմարավետ և բարեկեցիկ պայմանների ստեղծումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա նշել է, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու, հիմնանորոգելու կառավարության ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթական բարենպաստ պայմաններ ստեղծել՝ կրթությունը դարձնելով առավել հասանելի։

Մարզի ղեկավարը բնակավայր կատարած այցի շրջանակներում այցելել է նաև այստեղ գործող <<Դեբեդ լայվ>>, <<Մադին>>, <<Ռիվերսայդ>> հյուրատներ, ծանոթացել վերջիններիս գործունեությանը, զբոսաշրջային հոսքերի ակտիվությանը։ Դեբեդում գործում է 11 հյուրատուն։

Ա. Ղազարյանը կարևորել է մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ տուրիզմը հանդիսանում է մարզի զարգացման կարևոր ուղղություններից մեկը և պետական աջակցության ու միջազգային ծրագրերով զբոսաշրջության խթանմանն ուղղված նախաձեռնությունները զգալիորեն նպաստում են մարզում տնտեսական ակտիվությանը, հետևաբար նաև՝ շարունակական զարգացմանը։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է  նաև Ալավերդի համայնք, հետևել Սանահին կայարան թաղամասում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքներին։

Մարզի ղեկավարն այստեղ հանդիպել է նաև թաղամասի ավտոմոբիլային կամրջի վերականգնման նպատակով ՏԿԵ նախարարության կողմից գործուղված մասնագետների հետ։ Նրանց հետ քննարկվել են աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր։

Ա․ Ղազարյանը հանդիպել է նաև թաղամասի բնակիչների հետ, նրանց ներկայացրել աղետի գոտում իրականացվող աշխատանքները, նշել, որ քննարկվում է հեղեղումներից տուժած բնակիչներին և տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրելու կարգը, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրները, առաջարկությունները։

Այցելություն է կատարվել նաև Քարկոփ բնակավայր։
 

Այստեղ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։

Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին, այգիներին, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և անասնապահությանը հասցված վնասների հետ կապված հարցերը։ Արդյունքների մասին առաջիկայում կիրազեկվի։

Ինչ վերաբերում է աղետից վնասված շենք-շինություններին, բնակարաններին և գույքին հասցված վնասներին, ապա մարզի ղեկավարն ասել է, որ մոտակա օրերին ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվի փոխհատուցման տրամադրման կարգը։ Մարզպետը պատասխանել է նաև բնակիչների հարցերին։

  • Կիսվել: