«Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցում թանգարանի շենք կկառուցվի
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում որոշեց «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը և անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Պատմամակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում պետության սեփականությունը հանդիսացող հողամասի և դրանում առկա հուշարձանների ամրացումը հիշյալ ՊՈԱԿ-ին անհրաժեշտություն է, ինչը հնարավորություն կտա նախատեսել թանգարանի շենքի կառուցումը՝ ապահովելով զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք, և ներգրավել ֆինանսական լրացուցիչ միջոցներ հուշարձանի պահպանության, օգտագործմանն առնչվող միջոցառումների, տարածքը և շրջակայքը բարեկարգ պահելու աշխատանքների իրականացման համար:
Որոշման ընդունման արդյունքում կապահովվի առավել մեծ թվով հուշարձան այցելող զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման հարցը, հնարավորություն կստեղծվի ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման, հուշարձանի հետագա պահպանության, լիարժեք օգտագործման և գիտական ուսումնասիրությունների կազմակերպման համար:


