երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Լիկամեդ»-ում կեղծ հետազոտություններ իրականացնելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ երկու հոդվածներով

«Լիկամեդ»-ում կեղծ հետազոտություններ իրականացնելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ երկու հոդվածներով

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Լիկամեդ» ընտանեկան բժշկության կենտրոնում, որի տնօրենն է  Լիլիա Կարապետյանը՝ կեղծ լաբորատոր հետազոտություններ են կատարվել և գրվել անօրինական կեղծ պատասխաններ առանց արյան անալիզների, որ մասին դեռ հունվար ամսին ահազանգել էին Հրազդան և Մեղրաձոր համայնքների բնակիչները։

«Հարգելի՛ մեղրաձորցիներ և հրազդանցիներ, օգտվելով «Լիկամեդ» կլինիկայից՝ կխնդրեի զգոն լինել: Լաբորատոր հետազոտությունները կատարվել են կեղծ, գրվել է անօրինական կեղծ պատասխան` առանց արյան անալիզների հետազոտության: «Պրոֆ Մեդ» լաբորատորիայի տնօրենի կեղծ ստորագրություն է դրվել, որից հենց անձամբ ինքը` լաբորատորիայի վարիչը իբրև տեղյակ չի եղել: Եթե կան մարդիկ, ովքեր հետազոտվել են «Լիկամեդ»-ում, որոշակի գումարներ են ծախսել և արդյունքում սխալ ախտորոշմամբ բուժում են ստացել՝ մոտեցեք և պահանջեք ձեր գումարները, իսկ մնացած հարցերով դուք կորոշեք, թե խաբված լինելու համար ինչ պիտի անեք տվյալ մարդկանց հետ», - նախորդ տարի դեկտեմբերի 31-ին  «Մեղրաձորից Հրազդան» ֆեյսբուքյան խմբում գրառում էր արել Հասմիկ Սահակյան օգտատերը։

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատախազությունից ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ կա նախաձեռնված քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով․ «Այս պահի դրությամբ այդ գործով դեռևս քրեական հետապնդման ենթարկվող անձ չունենք, իրականացվում է քննություն»։

Եվ չնայած նման աղմուկին՝ փաստորեն ամիսներ անց էլ տեղի ունեցածի առթիվ որևէ անձի մեղադրանք առաջադրված չէ։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հետևյալը՝  Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ 457-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերվում է թաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելուն կամ դրանք օգտագործելուն, ինչը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Լիլիա Կարապետյանը մեկ այլ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ Վերջինս եղել է «Հրազդան» ԲԿ-ի տնօրեն և նրա գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 14.810.000 հազար ՀՀ դրամի գույքային վնաս:

  • Կիսվել: