կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փոխանակ իրազեկեն ԼՂ-ից տեղահանվածներին, մոլորեցնող վերնագրերով սրտաճմլիկ ռեպորտաժներ  են պատրաստում․ Բաբկեն Թունյան

Փոխանակ իրազեկեն ԼՂ-ից տեղահանվածներին, մոլորեցնող վերնագրերով սրտաճմլիկ ռեպորտաժներ են պատրաստում․ Բաբկեն Թունյան

Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները չեն կարող Հայաստանում թոշակ, երեխայի նպաստ ստանալ, քանի որ նրանք դեռ ՀՀ քաղաքացիներ չեն: Այս մասին գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինախագահ Բաբկեն Թունյանը։
 
«Փոխարենը՝ նրանք ստանում են դրամական աջակցություն, որը մի քանի անգամ ավելի շատ է թոշակից կամ նպաստից, որովհետև աջակցությունը տրվում է ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից:
 
ԼՂ-ից տեղահանվածների համար սահմանվել է հատուկ ժամանավոր կարգավիճակ, և նշվել է, որ այս մարդիկ արագացված և հեշտացված կարգով ստանալու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
 
Քաղաքացիություն ստանալուց հետո նրանք հասանելիություն կստանան բոլոր այն սոցիալական, առողջապահական, կրթական և այն համակարգերին, որոնք գործում են ՀՀ քաղաքացիների համար: Թոշակառուները կստանան թոշակ, նպաստառուները՝ նպաստ և այլն:
 
Մինչ այդ, կրկնեմ, այդ մարդիկ ամսական դրամական աջակցություն են ստանում: Բացի ուղիղ դրամական աջակցությունից՝ առանձին խմբերի համար նաև այլ հնարավորություններ են ապահովվել: Օրինակ, ուսանողները կարող են ուսումը շարունակել հայաստանյան բուհերում և ստանալ կրթաթոշակ, ուսուցիչները կարող են հեշտացված կարգով աշխատանքի անցնել դպրոցներում և աշխատավարձից բացի ստանալ հավելավճար:
 
Այս մասին, ինչպես նշեցի, բազմիցս հայտարարվել է: Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ես ինքս էլ հարց ուղղեցի, ինչին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց ամեն ինչ (հղումը կդնեմ մեկնաբանության մեջ):
 
Չնայած սրան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ոչ բոլորը կարող են լիարժեք տեղեկացված լինել այս ամենի մասին և դիմել պետական ու համայնքային մարմիններ՝ դրամական աջակցությունից բացի նաև թոշակ կամ երեխայի նպաստ ստանալու համար: Դրա համար երևի պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել պատշաճ իրազեկմանը:
 
Սակայն անհասկանալի է, երբ որոշ ԶԼՄ-ներ, փոխանակ իրենք էլ իրազեկեն և տեղեկացնեն այս մարդկանց կառավարության որոշումների մասին՝ գնում հերթապահում են համապատասխան կառույցների դիմաց և խոսեցնելով թոշակի համար դիմած մարդկանց՝ մոլորեցնող վերնագրերով սրտաճմլիկ ռեպորտաժներ պատրաստում «ձեռնունայն վերադարձող, աջակցություն չստացած և հիասթափված» մեր հայրենակիցների մասին»,- գրել է նա:

  • Կիսվել: