երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին նախաձեռնությամբ հնարավորություն կտրվի մինչև ՇՄԶ հավաստագիր ստանալը շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին նախաձեռնությամբ հնարավորություն կտրվի մինչև ՇՄԶ հավաստագիր ստանալը շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը

Ներկա իրավակարգավորումներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որն աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները` 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները` 140 շարունակական մասնագիտական զարգացման /ՇՄԶ/ կրեդիտ, դեղագործները` 100 ՇՄԶ կրեդիտ: Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ և ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 9-ի նիստում հարցն առաջին ընթերցմամբ ներկայացնելով քննարկման:

Ըստ նրա՝ Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Լենա Նանուշյանի հավաստմամբ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ և միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու մասնագիտական գործունեությունը՝ մինչև սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը:

ԱԺ Հայաստանե խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվել է, թե քանի բուժաշխատող է դիմել հավաստագիր ստանալու, և թե որքան գումար է անհրաժեշտ վերապատրաստումների համար:

Ի պատասխան Լենա Նանուշյանը նշել է. «Այս պահի դրությամբ ամբողջությամբ անվճար վերապատրաստումների ենք ուղղորդում մեր բուժաշխատողներին: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 600-ից ավելի բուժաշխատողներ արդեն ուղեգրվել են կրթական հաստատություններ՝ անվճար վերապատրաստվելու:

Ըստ հիմնական զեկուցողի՝ նախարարությունն ունի 1200 տեղ և մինչև տարեվերջ կարող են ուղեգրել եւս 600 բուժաշխատողի:

Նշվել է, որ 90-ից ավելի հավաստագիր արդեն տրամադրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների:

Լենա Նանուշյանը նաև տեղեկացրել է, որ մարզերի բուժհաստատություններում աշխատանքի անցնելու դեպքում վերջիններս կստանան ֆինանսական լրացուցիչ աջակցություն:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը փաստել է, որ չափազանց կարևոր նախագիծ է, որն ուղղված է մեր հայրենակիցների աշխատանքային կարիքներն օրենսդրորեն հոգալուն:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել էր մի շարք առաջարկություններ, այդ թվում` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, որոնք ընդունվել են:

Նշենք, որ օրենքը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա և գործելու է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը: ԱԺ առաջիկա նիստում այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

  • Կիսվել: