շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԿԸՀ-ն հյուրընկալել է ՄԱԿ ներկայացուցիչներին

ԿԸՀ-ն հյուրընկալել է ՄԱԿ ներկայացուցիչներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:  Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

 ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ներկայացրել է ԿԸՀ հիմնական գործունեության մանրամասները, կառույցի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Անդրադարձ է արվել վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններին։

 ԿԸՀ նախագահը խոսել է դեռևս նախորդ տարվանից շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, և այժմ գործադիրի քննարկման տիրույթում է։  

ԿԸՀ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին էր այս տարվա սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները։

 Հյուրերը ցանկություն են հայտնել Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով։

  • Կիսվել: