երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքին վերջ տված անձի սեռական կողմնորոշման մասին հրապարակումներ են եղել «Տելեգրամում»․ Փինք ՀԿ տնօրեն

Կյանքին վերջ տված անձի սեռական կողմնորոշման մասին հրապարակումներ են եղել «Տելեգրամում»․ Փինք ՀԿ տնօրեն

Մենք այս պահին գիտենք, որ կյանքին վերջ տված անձի գլխավոր հանգամանքներից մեկը եղել է այն, որ իր սեռական կողմնորոշման հետ կապված եղել են հրապարակումներ «Տելեգրամում»։ Այս մասին այսօր «Սեռական կողմնորոշումը՝ երիտասարդների ինքնասպանությունների պատճա՞ռ» թեմայով քննարկմանն ասաց Փինք ՀԿ տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը։

«Այնտեղ բավականին տարածված սոցիալական խումբ է եղել, որը պարբերաբար հրապարակել է անձանց նկարներ, սոցիալական տարբեր հարթակների էջերը եւ թիրախավորել է անձանց, նշելով, որ անձինք կամ չեն համապատասխանում ավանդական արժեքներ ունեցող հայի կերպարին կամ իրենց հատկանիշներով դուրս են մնում ընդունված կերպարներից։ Այս անձի դեպքում նշվել էր, որ անձը նույնասեռական է ու այդ հապարակումը բավականին տարածվել էր անձի ծանոթների, ընտանիքի շրջանում»,- նշեց Հռիփսիմե Կիզոգյանը։

Նա պատմեց, որ հապարակումից հետո ծնողները տանից դուրս էին հանել անձին, նա զրկվել էր նաեւ աշխատանքից․ «Փաստացի անձը մնացել էր առանց աջակցության։ Անձը բավականին լարված հարաբերություններ է ունեցել հենց իր ծնողների հետ եւ նրանք հիմք ընդունելով այդ հրապարակումը իրեն ավելի շատ են ճնշումների ենթարկել։ Ցավալի է, որ այն հիմնական օղակները, որտեղ որ անձինք սովորաբար աջակցություն են ստանում, այս պարագայում չի ունեցել այդ անձը այդ հնարավորությունը»։

  • Կիսվել: