շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը

Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը

Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման շարունակականությունը: Նման որոշում է կայացվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի, նշված ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասի, լիտվացի և հայ փորձագետներ Վիգանդես Քուրկուլիսի ու Արևիկ Սիմոնյանի մասնակցությամբ քննարկման ընթացքում:

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։

Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ՆԳՆ լայնածավալ բարեփոխումների իրականացմանն ուղղված երկկողմ համագործակցությունը: Կամո Ցուցուլյանը, կարևորելով արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում միջազգային փորձը, մատնանշել է մասնագիտական աջակցության ցուցաբերումը, փորձագետների դերակատարումը և արդյունավետ համագործակցությունը։

Թոմաս Բիկմանասը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին նշված ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում: Նա ընդգծել է, որ ծրագրի աշխատանքային պլանի համաձայն՝ նախատեսվում է աշխատանքները շարունակել նոր ուղղություններով, որոնք միտված են փորձի փոխանակմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, կառավարման ոլորտի բարելավմանը, փրկարար ծառայության և նրա տարածքային ստորաբաժանումների հիերարխիկ կառավարմանը, ապակենտրոնացման մոդելի կիրառմանը։

Բիկմանասը տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցող միջազգային փորձագետը Լիտվայի հրշեջ-փրկարարական վարչության ամենաբարձր պաշտոններում աշխատանքի, ինչպես նաև միջազգային նախագծերի իրականացման գործում բավականին լայն փորձ ունի: Դա կնպաստի բարեփոխումների ծրագրի ենթաբաղադրիչի արդյունավետ իրականացմանը և փորձի տեղայնացմանը։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են ճգնաժամային կառավարման, արտակարգ իրավիճակներին առնչվող ահազանգերի կառավարման միասնական համակարգի ներդրման, արձագանքման կազմակերպման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցեր։

Կամո Ցուցուլյանը համառոտ ներկայացրել է ՆԳՆ փրկարար ծառայության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիներին ծառայության ձեռքբերումներն ու հաջողությունները, միջազգային փորձառությունը, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունները և ներկայիս առաջնահերթությունները։

Հյուրերը եղել են նաև ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Հոգեբանական աջակցության բաժնում և Բժշկական ապահովման վարչությունում՝ տեղում ծանոթացել ստորաբաժանումների գործունեությանը, տեխնիկական հագեցվածութանը և գործառույթներին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապահովել ծրագրի իրականացման շարունակականությունը։

  • Կիսվել: