շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կշարունակվեն ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը

Կշարունակվեն ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում հայտնել է, որ բյուջետային ծախսերի էական ուղղություններից են ուսուցիչների վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման խրախուսման ծրագրերը: Խոսքը, մասնավորապես, ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2021-23 թվականներին իրականացված գործընթացի արդյունքում շուրջ 4700 ուսուցիչներ կունենան աշխատավարձի բարձրացում:

«Այս տարի ունեինք 6320 դիմորդ: Նրանցից 4324-ը կամ դիմորդների 68%-ը մասնակցել է կամավոր ատեստավորմանը, ընդ որում՝ այս տարի, ինչպես նախորդ տարի, կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկը համընկավ մեր երկրի համար խիստ բարդ և անորոշ ժամանակահատվածի հետ, բայց, ի պատիվ մեր ուսուցիչների, նրանք եկան ատեստավորմանը՝ չնայած դժվարություններին: Նրանցից շատերը՝ 1855 ուսուցիչ (43%), կամավոր ատեստավորման արդյունքում հաղթահարել է 70%-ի շեմը: Եվս 1003 ուսուցիչ ցուցաբերել է 60-69% արդյունք:

Նոր փոփոխությամբ՝ 60-69% հավաքած ուսուցիչները կունենան դրույքաչափի բարձրացում, ընդ որում՝ սա վերաբերում է նաև նախորդ տարիներին այս ցուցանիշը գրանցած անձանց: Այս տարվա կամավոր ատեստավորման և վերոնշյալ դրույքաչափի փոփոխության արդյունքում, ընդհանուր առմամբ, ավելի քան 3400 ուսուցիչ կունենա աշխատավարձի բարձրացում»:

  • Կիսվել: