չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կսահմանվի սոցիալական հիփոթեք՝ բնակարանի գնման համար. ովքեր կարող են շահառու լինել

Կսահմանվի սոցիալական հիփոթեք՝ բնակարանի գնման համար. ովքեր կարող են շահառու լինել

Հայաստանում կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար կսահմանվի սոցիալական հիփոթեք։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակարանի առավելագույն չափը՝ մինչեւ երեք երեխա ունենալու պարագայում, սահմանվում է 6.5 մլն դրամ, սահմանվում է նաեւ երկրորդ չափորոշիչը՝ մեկ քմ-ի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով 1 մլն դրամ։

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան ձեռք բերելու դեպքում։ ՀՀ պետական բյուջեից ծախսը 2021 թվականի համար կկազմի 500 մլն դրամ, 2022-ի համար 2 մլրդ դրամ, իսկ 2023-ի եւ հետագա տարիների համար 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հրահանգվել է մայիսի 31-ը կառավարություն ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը, պայմանները ու հիփոթեքային վարկ ստանալու իրավունք ունեցող՝ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված ընտանիքների ցանկը: Ի դեպ, տեղեկացնենք, որ վարկի տարեկան տոկոսադրույքը առավելագույնը 7 տոկոս, որն ամբողջությամբ սուբսիդավորվում է, իսկ վարկի մարման ժամկետը կկազմի 20 տարի:

  • Կիսվել: