Կսահմանվի ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ
Կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման կարգը: Ըստ այդմ առաջարկվում է սահմանել անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայություն մատուցելու դեպքում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային մարմնում հաշվառման պարզեցված ընթացակարգ: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություն մատուցող` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը հարկային մարմնում հաշվառվելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծվում է ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգ:
Հաշվառվելու համար ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է մուտք գործի էլեկտրոնային ԱԱՀ համակարգ և պատասխանի առցանց եղանակով տրվող հարցերին (հարցերը տրվում է հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով): Բոլոր հարցերին դրական պատասխան տալուց հետո ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ընտրում է գրանցվել ֆունկցիան` լրացնելով ու հաստատելով էլեկտրոնային փոստի հասցեն: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաղորդագրություն` էլեկտրոնային ԱԱՀ համակարգում առցանց գրանցման մասին: Ոչ ռեզիդենտ կազմակերպության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային ծառայություն մատուցող` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` հարկային մարմնում հաշվառվելու համար: Ոչ ռեզիդենտ կազմակերպության ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ:
Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որով նախատեսվում է կազմակերպել թույլատվական փաստաթղթերի ստացման նպատակով հայտատուների կողմից դիմումների ներկայացման և թույլատվական փաստաթղթերի ստացման էլեկտրոնային եղանակով գործընթաց: Այն կկազմակերպվի «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) համակարգի միջոցով: