Կրթության եւ մարդկային կապիտալի զարգացման մեր ամենառոմանտիկ նախագիծը ակադեմիական քաղաքի նախագիծն է. Փաշինյան
Այսօր Հայաստանում չկա նույնիսկ մեկ բուհ, որի շենքային, ֆիզիկական ենթակառուցվածքները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այսինքն՝ եթե մենք փորձենք միջազգային ստանդարտներով ՀՀ բուհերի լիցենզավորում իրականացնել, Հայաստանի ոչ մի բուհ բուհ լինելու լիցենզիա չի ստանա: Ես դեռ միայն շենքային պայմանների մասին եմ ասում: Հայաստանի ոչ մի բուհ պատշաճ մարզական ենթակառուցվածք չունի:
Կրթության եւ մարդկային կապիտալի զարգացման մեր թերեւս ամենամեծ, ամենառոմանտիկ ու երկարաժամկետ նախագիծը ակադեմիական քաղաքի նախագիծն է: Գաղարփարը հետեւյալն է՝ փորձ անել մի տարածքում հավաքել բոլոր բուհերը, որի առանցքային նպատակը բուհական կրթական պատշաճ միջավայր ձեւավորելն է: Մենք այդ ուղղությամբ գնալու ենք՛՛:
Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ, ըստ մասնագետների, այդ նախագծի համար 300-500 հա հողակտոր է հարկավոր, սակայն պարզվում է՝ այսօր ՀՀ-ում 300, նույնիսկ 250 հա ոչ մի հողակտոր չկա: