կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կրակոցներ Գորիսի կենտրոնում հայտնի «Լայմ» սուպերմարկետի մոտ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, մետաղե խողովակ, արնանման հետքեր

Կրակոցներ Գորիսի կենտրոնում հայտնի «Լայմ» սուպերմարկետի մոտ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, մետաղե խողովակ, արնանման հետքեր

Սեպտեմբերի 2-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գորիս քաղաքի Արցախյան խճուղու «Լայմ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ այդ ժամին Սյունիքի մարզի բնակիչներ, 23-ամյա Գագիկ Ա․-ն, 21-ամյա Ջոն Գ․-ն, 19-ամյա Արման Ղ․-ն իրենց ընկերների հետ Գորիսի Արցախյան խճուղում «գործող «Լայմ» սուպերմարկետի դիմաց ձեռքերով, ոտքերով և մահակներով ծեծի են ենթարկել Սյունիքի մարզի բնակիչներ, 21-ամյա Դավիթ Խ․-ին, նրա հորը, 47-ամյա Սասուն Խ․-ին և վերջինիս ընկերներին։

Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ծեծկռտուքի ժամանակ Ջոն Գ․-ն իր մոտ եղած դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել դեպի օդ։

Դեպքի վայր ժամանած քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են կրակված մի քանի պարկուճ, մետաղյա խողովակ և արնանման հետքեր։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական պատկերը պարզելու, մյուս մասնակիցների  ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: