Կրակոցներ Երևանի կենտրոնում. Քաջազնունու փողոցում «Նաչո Հոթել Երևան»-ի դիմաց հայտնաբերվել են պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանության պետը
Այսօր՝ հուլիսի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունի փողոցում գործող «Նաչո Հոթել Երևանի»-ի դիմաց կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան քոչարյանը, վարչության պետի օեպրատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանն ու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արամ Հովսեփյանը, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերյոժա Հովակիմյանն ու ոստիկանության Մարաշի բաժանումքի պետ Մառլեն Հակոբյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարեկներն ու ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 պարկուճ, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական խումբն ու փորձաքրեագետները:
Պարզում են նաև՝ արդյոք միջադեպի ու կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն, թե ենթադրյալ կրակոցներ արձակողը ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից է կրակոցներ արձակել, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում որոշ մանրամասներ:
Դեպքի փաստով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


