շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կովկասը «ճզմվում» է. ապագայում ուժեղ երկրաշարժեր էլի են լինելու. Նիկոլայ Գրիգորյան

Կովկասը «ճզմվում» է. ապագայում ուժեղ երկրաշարժեր էլի են լինելու. Նիկոլայ Գրիգորյան

Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը պատասխանել է Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո հանրությանն առավել հետաքրքրող հարցերի։

Արտակարգ իրավիճակների մասնագետ, Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում գրանցված երկրաշարժին ու պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ՀՀ տարածքում երկրաշարժերի առաջացումը։

«Կովկասը, այդ թվում` ՀՀ տարածքը, գտնվում են Արաբական և Եվրասիական սալերի բախման գոտում: Այսինքն՝ Արաբական սալը տարեկան մինչև 2 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-հյուսիս-արևելք, իսկ Եվրասիական սալը համարվում է անշարժ: Դրա հետևանքով Կովկասը «ճզմվում» է, տեղի է ունենում երկրակեղևում տեկտոնական լարումների կուտակում, որն ի վերջո հանգեցնում է բլոկերի կտրուկ տեղաշարժերի, կամ՝ երկրաշարժերի»,– նշում է Գրիգորյանը։

Նա նաև փաստում է, որ սալերի այդօրինակ տեղաշարժերը տևում են միլիոնավոր տարիներ, հետևաբար թե՛ կովկասյան տարածաշրջանում, թե՛ Հայաստանի տարածքում ապագայում ուժեղ երկրաշարժեր էլի են լինելու:

Անդրադառնալով ուժեղ երկրաշարժի ժամանակ Հայաստանին սպառնացող հնարավոր վտանգներին, մասնավորապես` Մեծամորի ատոմակայանին` Նիկոլայ Գրիգորյանը նշում է, որ այն Հայաստանի սեյսմակայուն կառույցներից մեկն է և նախատեսված է 9 բալ ուժգնության երկրաշարժի համար:

Ինչ վերաբերում է հայաստանյան շենքերի ապահովությանը, ապա Գրիգորյանը նշում է, որ մինչև 1990-ական թվականները կառուցված շենքերը նախագծվել են ցածր վտանգի հաշվառումով, կառուցվել են ցածր շինարարական որակով ու դրանց զգալի մասը հատել է շահագործման ժամկետը։

«Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ խոշորապանելային և շրջանակակապային համակարգով (Բադալյանի նախագծով) կառուցված բազմահարկ շենքերն իրենց դրսևորել են որպես բավականին հուսալի և սեյսմակայուն, իսկ կարկասապանելային (111 սերիայի) և հարկերի բարձրացման եղանակով կառուցված շենքերը, հակառակը, բարձր խոցելի են»,– գրում է մասնագետը:

1989 թվականից հետո կառուցված շենքերի սեյսմակայունությունն անհամեմատ ավելի բարձր է:

Ինչ վերաբերում է նոր կառուցվող շենքերին, Գրիգորյանը նշում է, որ անվտանգության համար դրանց նախագծերը պարտադիր պետք է անցնեն մասնագիտական փորձաքննություն:

«Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր»,– գրում է նա:

Իսկ եթե շենքն արդեն կառուցված է, ու երկրաշարժի պահին դուք բնակարանում եք, Գրիգորյանը խորհուրդ է տալիս առաջինից երրորդ հարկերում գտնվելու դեպքում արագ դուրս գալ շենքից, իսկ ավելի բարձր հարկերում կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Շենքից դուրս գալու դեպքում էլ Գրիգորյանը խորհուրդ է տալիս չշտապել վերադառնալ տուն, այլ սպասել պաշտոնական հայտարարությանը:

Նշենք, որ Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրած պարզաբանումները վերցված են Արտակարգ Ալիքի «Որ փորձությունը փորձանք չդառնա» գրքից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

 

  • Կիսվել: