Կոտայքի մարզում Opel-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան զոհեր ու վիրավորներ
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ս. Առաքելյանը, մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 63-ամյա Անդրանիկ Մարկոսյանը, 53-ամյա Անահիտ Առաքելյանը և 47-ամյա Արտակ Մարտոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվ են գործել Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Մարտոյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզզուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ամբողջական տվյալները:



