երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԵԿ շնագիտական կենտրոնում (տեսնայութ)

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԵԿ շնագիտական կենտրոնում (տեսնայութ)

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները:

Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են դիմակով և ձեռնոցով:

Ծառայության ավարտից հետո ախտահանում է իրականացվում նաև ծառայողական շների համար:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներն այս օրերին տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում: Սակայն Մեղրիի մաքսային կետ-բաժնում մշտական ծառայությունը պահպանվում է:

Արտակարգ դրության ընթացքում Մեղրիի աշխատակիցների մի մասը երկարատև վերապատրաստում է անցել շնագիտական կենտրոնում, բարձրացվել են շնավարժների նեղ մասնագիտական գիտելիքները, ծառայողական շների աշխատանքային որակները և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը:

Ուզբեկստանի Հանրապետությունում վերապատրաստված երկու շնավարժ-կինոլոգները տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ են անցկացրել բաժնի աշխատակիցների համար` կինոլոգիայի ծագման, զարգացման, շների հոգեբանության, ընդհանուր և հատուկ վարժեցման վերաբերյալ:

ՊԵԿ շնագիտական կենտրոնում շարունակում են բարձրացնել ծառայողական շների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։

Անցկացվում են թմրանյութերի և հոգեմետ դեղերի որոնման մարզումներ` իրականին նմանեցված պայմաններում, մասնավորապես՝ մարդատար մեքենաներում, փոստային բաժանմունքի, մաքսային անցակետի և բնակարանի նմանեցված սենյակներում։

Պարապմունքներին զուգահեռ մաքսային ծառայողները հոգում են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի կանաչապատման մասին՝ տնկելով ավելի քան 300 ծառ։

  • Կիսվել: